Ոստիկանների և փրկարարների բացատրական աշխատանքի արդյունքում արձանագրվել են զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր
ՆԳ նախարարության ենթակա ծառայությունների տարածքային ստորաբաժանումների ծառայողները շարունակում են ամենօրյա ակտիվ բացատրական աշխատանքը՝ բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։
Մասնավորապես, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ստորաբաժանումների ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ Գորիս քաղաքի մի բնակիչ հրշեջ-փրկարարական ջոկատ է ներկայացրել թմբուկավոր ինքնաշեն ատրճանակ և ռազմամթերք։
Արդյունավետ էր նաև Աշտարակի բաժնի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքը. արձանագրվել է որսորդական հրազեն կամավոր հանձնելու 5 դեպք։
Որսորդական ակոսափող հրացանի կամավոր հանձնման դեպք է գրանցվել նաև Վաղարշապատի բաժնի համայնքային ոստիկանների իրականացրած միջոցառումների արդյունքում։
Մասիսի բաժնի համայնքային ոստիկանների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ արձանագրվել է «Կալաշնիկովի» ինքնաձիգ, որսորդական հրացան ու ռազմամթերք կամավոր հանձնելու դեպք։
Հրացան և ռազմամթերք կամավոր հանձնելու առումով արդյունավետ էր նաև Անիի բաժնի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքը։
Հորդորում ենք ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։