«Մայր Հայաստանը» տրանսպորտը չթանկացնելու նախագիծ է ներկայացրել
«Մայր Հայաստան» խմբակցությունը Երևանի ավագանու՝ սեպտեմբերի 10-ին կայանալիք նիստի օրակարգ է բերել նախագիծ, որով առաջարկվում է քաղաքային տրանսպորտը մեկ ուղևորափոխադրման համար թողնել 100 դրամ, շատ օգտվելու դեպքում գինը դարձնել 100 դրամից էլ ցածր, իսկ թոշակառուների և հաշմանդամների համար քաղաքային տրանսպորտը լինի անվճար։
Շենգավիթ վարչական շրջանում իրականացրած իրազեկման ակցիայի ժամանակ այս մասին տեղեկացրել է «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Սոնա Աղեկյանը՝ հիշեցնելով, որ ՔՊ-ն հունվարի 1-ից թանկացնելու է Երևանի քաղաքային տրանսպորտը՝ այն հասցնելով մեկ ուղևորափոխադրման համար մինչև 300 դրամի։
Ավագանու ընդդիմադիր անդամը կոչ է արել քաղաքացիներին սատարել «Մայր Հայաստանի» նախագծին և թույլ չտալ ՔՊԿ-ին՝ հերթական անգամ թալանել քաղաքացուն։
«Մենք պետք է կարողանանք կանխել թալանի այս ձեռքը։ Ինչ եկել են իշխանության, բերել են միայն թանկացումներ»,-ասել է Սոնա Աղեկյանը։
Հիշեցնենք, որ «Մայր Հայաստանն» ակցիաների շարք է սկսել՝ ընդդեմ քաղաքային տրանսպորտի թանկացման։ Նախօրեին իրազեկման ակցիա էր տեղի ունեցել Արաբկիր վարչական շրջանում։