ԱՄՆ դեսպանատան հերթական նվիրատվությունը Պարեկային ծառայությանը. ՆԳ նախարարն ու ԱՄՆ դեսպանն այցելել են Սյունիքի մարզ
Հուլիսի 11-ին ՆԳ նախարար Վահե Ղազարյանը և ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինն այցելել են պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակ։
ԱՄՆ դեսպանատունը Պարեկային ծառայությանն է նվիրել անհետաձգելի առաջին օգնության 900 դեղատուփ, որոնցից 700-ը նախատեսված է պարեկային ծառայության մեքենաների, 200-ը՝ հետիոտն ծառայություն իրականացնողների համար:
ՆԳ նախարար Վահե Ղազարյանը Պարեկային ծառայության ստեղծման և կայացման գործում ցուցաբերած աջակցության համար շնորհակալություն է հայտնել Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությանը՝ նշելով, որ բազմակողմանի աջակցության շնորհիվ հնարավոր եղան Պարեկային ծառայության ստեղծման ռազմավարական քայլերի պլանավորումն ու իրականացումը, իսկ ձեռքբերումների վկայությունը Միջազգային հանրապետական ինստիտուտի և ԵԱՀԿ կողմից պատվիրակված հարցումների արդյունքներն են՝ գոհունակության 62 և վստահության 72 տոկոս:
Նախարարն իր խոսքում ընդգծել է՝ Պարեկային ծառայության ստորաբաժանումներն այսօր ոչ միայն վերահսկում են ճանապարհային երթևեկությունը, այլև արդյունավետ պայքարում հանցավորության դեմ՝ բացահայտելով ու կանխելով տարբեր բնույթի, վտանգավորության ու ծանրության հանցագործություններ, հայտնաբերելով ապօրինի պահվող զենք-զինամթերք, թմրամիջոցներ:
Վահե Ղազարյանն իր գոհունակությունն է հայտնել ամերիկյան կողմին՝ Ջրային պարեկային ծառայության ստեղծման գործում ունեցած աջակցության համար՝ նշելով, որ ծառայությունն այսօր հագեցած է ժամանակակից տեխնիկայով և սպառազինությամբ:
ՆԳ Նախարարը շնորհակալություն է հայտնել նաև Պարեկային ծառայությանը ցուցաբերվող հերթական աջակցության համար՝ ընդգծելով, որ երկկողմ համագործակցությունն ընդլայնվելու, նոր ուղղություններ թիրախավորելու ներուժ ունի:
Ելույթ է ունեցել նաև ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը։
«Հաճելի է կրկին լինել Սյունիքում։ Վերջին անգամ եղել եմ հոկտեմբերին՝ Սյունիքում պարեկային ծառայության գործարկման կապակցությամբ։ Գիտեմ, որ պարեկային ծառայողները ջանասիրաբար աշխատել են քաղաքացիների հետ ամուր հարաբերություններ ձևավորելու գործում՝ ապահովելով հասարակական կարգն ու անվտանգությունը։ Մենք գիտակցում ենք այն մեծ պատասխանատվությունը, որը պարեկները ստանձնում են որպես իրավապահ մարմինների ներկայացուցիչներ, և պատրաստակամ ենք շարունակելու աջակցությունը Պարեկային ծառայությանը»,-նշել է դեսպանը:
Անդրադառնալով ԱՄՆ դեսպանատան հերթական նվիրատվությանը՝ Քրիստինա Քվինն ընդգծել է, որ այն լրացնում է Պարեկային ծառայության ստեղծման ու կայացման համար ԱՄՆ կառավարության նախկինում ցուցաբերած աջակցությանը և կնպաստի հանրությանն առաջին անհրաժեշտ օգնություն ցուցաբերելուն:
Վահե Ղազարյանն ու Քրիստինա Քվինը ծանոթացել են բժշկական անհետաձգելի առաջին օգնության դեղատուփերի պարունակությանը, Պարեկային ծառայության մեքենայի տեխնիկական հագեցվածությանն ու հատուկ միջոցներին։
Այնուհետև գումարտակի վարչական շենքում նրանք ծանոթացել են օգտագործվող տեխնիկային, իսկ օպերատիվ կառավարման կենտրոնում նրանց ներկայացվել են աշխատանքի կազմակերպման գործընթացն ու տեխնիկական հնարավորությունները։