Եգիպտոսի և Հորդանանի արտգործնախարարները քննարկել են Մերձավոր Արևելքում իրավիճակը
Հանդիպել են Եգիպտոսի և Հորդանանի արտգործնախարարները: Համատեղ մամուլի ասուլիսում Բադր Աբդել-Աթին անդրադարձել է Մերձավոր Արևելքում իրավիճակին, հայտարարել, որ բանակցություններ են տարվում լիբանանյան և իսրայելական կողմերի, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային դերակատարների հետ՝ «լայնածավալ առճակատումից և լիբանանյան ճակատում ծանր սցենարից խուսափելու համար»:
«Վերջին օրերին բանակցություններ են եղել, Կատարում հանդիպումներ կան»,- նշել է Եգիպտոսի արտգործնախարարը։
Իսրայելը և Լիբանանում գործող «Հեզբոլլահ» շարժումը պարբերաբար հայտնում են փոխադարձ հարվածների մասին: Իսրայելական կողմը սպառնում է գործողություն սկսել Լիբանանի դեմ, եթե «Հեզբոլլահը» չդադարեցնի Իսրայելի սահմանակից տարածքների հրթիռակոծությունը:
«Հեզբոլլահի» ղեկավարն էլ երեկ հայտնել է, որ ՀԱՄԱՍ-ը Գազայի հատվածում հրադադարի շուրջ բանակցություններ է վարում Իսրայելի հետ, և եթե համաձայնություն ձեռք բերվի, «Հեզբոլլահը» կդադարեցնի իր գործողությունները՝ չնայած չի վախենում ավելի մեծ պատերազմից։