Արմեն Աշոտյանի կալանքը երկարաձգվեց ևս 3 ամսով
Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանի կալանքի ժամկետը երկարացրել է ևս երեք ամսով։
Դատական նիստի ընթացքում մեղադրող կողմը միջնորդեց երկարաձգել Աշոտյանի կալանքի ժամկետը՝ հայտարարելով, թե նախկինում արձանագրված ռիսկերը դեռևս առկա են։
Պաշտպանության կողմը միջնորդեց Աշոտյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել անձնական երաշխավորությունը, տնային կալանքը և գրավը՝ 49 մլն դրամի չափով։ Աշոտյանի համար երաշխավորել էին ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը և ԱԺ նախկին նախագահ Տիգրան Թորոսյանը։
Դատավոր Վահե Դոլմազյանը մերժեց պաշտպանական կողմի միջնորդությունը և Աշոտյանի կալանքը երկարաձգեց ևս 3 ամսով։
Արմեն Աշոտյանը կալանավորվել էր 2023 թվականի հունիսին քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող՝ «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամում կատարված առերևույթ չարաշահումներին վերաբերող քրեական վարույթի շրջանակներում՝ խափանման միջոցի պայմանները խախտելու հիմքով։
Արմեն Աշոտյանը մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման և փողերի լվացման համար, որն առաջացրել է ծանր հետևանքներ։