ՆԱՏՕ-ն վճռականորեն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը․ Կոլոմինա
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ Կովկասում և Կենտրոնական Ասիայում հատուկ ներկայացուցիչն անդրադարձել է երեկ Վաշինգտոնում Ադրբեջանի արտգործնախարարի հետ հանդիպմանը:
Խավիեր Կոլոմինան X-ի միկրոբլոգում գրառում է կատարել՝ նշելով, որ Ջեյհուն Բայրամովի հետ քննարկել են ՆԱՏՕ-Ադրբեջան երկկողմ գործակցությունը և խաղաղության բանակցությունների զարգացումները: «ՆԱՏՕ-ն վճռականորեն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը և երկարատև խաղաղության համաձայնագրի կնքմանը»,- նշել է Կոլոմինան:
Ադրբեջանական կողմի տվյալով՝ ի թիվս այլ հարցերի՝ պաշտոնյաներն անդրադարձել են էներգետիկայի, ռազմական կրթության և վարժանքների ու հումանիտար ոլորտներում շփումներին: Բայրամովը նաև հայտարարել է, որ խաղաղության համաձայնագրի նախագծի հարցում զգալի առաջընթաց է գրանցվել: Միաժամանակ նա պնդել է, թե Հայաստանի Սահմանադրության մեջ Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ հավակնություններ կան։