Վարշավայում սկսվել է ֆերմերների բողոքի բազմահազարանոց ակցիա
Ֆերմերները ցույց են սկսել Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայի կենտրոնում։ Նրանք բողոքում են Եվրամիության «Կանաչ ուղեգիծ» բնապահպանական ռազմավարության դեմ։ Ենթադրվում է մինչև 200 հազար մարդու մասնակցություն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Onet լրատվական հարթակը։
Ցուցարարները հավաքվել են մայրաքաղաքի կենտրոնի հրապարակում՝ քաղաքապետարանի դիմաց։ Բացի ֆերմերներից, ցույցին են միացել «Իրավունք և արդարություն» խոշորագույն ընդդիմադիր և նախկին իշխող կուսակցության առաջատար քաղաքական գործիչներ:
Ֆերմերները նաև ստորագրություններ են հավաքում «Կանաչ ուղեգծին» Լեհաստանի մասնակցության հարցի շուրջ հանրաքվեի կազմակերպման նպատակով։
Բողոքի ակցիայի կազմակերպիչները նախատեսում են, որ ցույցին կմասնակցի 200 հազար մարդ։ Ցույցը կարող է տևել մինչև տեղական ժամանակով ժամը 22:00-ը:
Փետրվարի 9-ից լեհ ֆերմերները սկսել են լայնածավալ բողոքի ցույցեր անցկացնել։ Նրանք շրջափակել էին Ուկրաինայի հետ սահմանի անցումները՝ պահանջելով սահմանափակել կամ ամբողջությամբ արգելել Ուկրաինայից էժան գյուղատնտեսական արտադրանքի ներմուծումը, ուժեղացնել ազգային անասնաբուծությանն աջակցությունը։ Նրանք նաև անհամաձայնություն են հայտնում Եվրամիության «Կանաչ ուղեգծի» ռազմավարությանը, որը նախատեսում է մինչև 2050 թվականը հասնել զրոյական ածխածնային արտանետումների: