35 տարեկանում ոչ բոլորին է հաջողվում Իտալիայի չեմպիոն դառնալ. չեմ կանգնելու այս արդյունքի վրա․ Մխիթարյան
35 տարեկանում ոչ բոլորին է հաջողվում Իտալիայի չեմպիոն դառնալ։ Չեմ կանգնելու այս արդյունքի վրա։
Առաջին ալիքի եթերում ասել է «Ինտեր»-ի կիսապաշտպան, Հայաստանի ազգային հավաքականի նախկին առաջատար Հենրիխ Մխիթարյանը․
«Սկուդետտոյին՝ Իտալիայի չեմպիոնությանը երկար սպասեցի, շատ արժեքավոր է, սպասված։ Շատ ուրախ եմ, քանի որ 35 տարեկանում ոչ բոլորին է հաջողվում այն նվաճել։ Չեմ կանգնելու այս արդյունքի վրա։
Այս տարիքում ֆուտբոլիստի համար մի քիչ դժվար է խաղալը, փորձում եմ ճիշտ հանգստանալ, լավ մարզվել, փորձում եմ առավելագույնս անել։
Մանկությունից առաջին նպատակս եղել է խաղալ «Արսենալում»։ Պրոֆեսիոնալ դառնալով նպատակս իրագործեցի։
Դեռ երկու տարվա պայմանագիր ունեմ Ինտերում, մինչև 2026 թվականը ունեմ գործող պայմանագիր։ Տեսնեմ, թե մինչև այդ ժամանակ կկարողանամ խաղալ, հետո կմտածենք՝ Ինտերում, թե այլ տեղ շարունակել։
Հայաստանի առաջնությանը քիչ եմ հետևում, ցավոք սրտի, բայց նայում եմ որքան հնարավոր է։ Միշտ երկրպագում եմ Փյունիկին, իմ կարիերան այնտեղից է սկսվել, գիտեմ, որ հիմա դժվար ժամանակներ են ապրում:
Որդիս ֆուտբոլիստ կդառնա, թե ոչ, ինքը կորոշի, ես նրա չեմ ստիպում ֆուտբոլ խաղալ։ Երբ առաջին անգամ դիպել է գնդակին, ինքն է ուզել։ Ես կարող եմ ուղղություն ցույց տալ կյանքում, բայց ինքը պետք է որոշի»,- նշել է Մխիթարյանը։