Վատիկանը փորձում է առաջ գնալ «փոքր քայլերի արվեստի» տրամաբանությամբ
Վատիկանը ցուցաբերում է զգալի համառություն ուկրաինական ճգնաժամի կարգավորմանը միտված իր քաղաքական-դիվանագիտական ջանքերի ներդրման առումով։ Այս համատեքստում հետաքրքիր էր, որ ուկրաինական հակամարտության կարգավորման թեմայով Սրբազան Քահանայապետի պատվիրակ կարդինալ Մատեո Ձուպին բանակցություններ է վարել Չինաստանի կառավարության Եվրասիական հարցերով ներկայացուցիչ Լի Խուեյի հետ։ Սա բավական հետաքրքիր իրադարձություն է, հատկապես, երբ դիտարկում ենք այն համատեքստում, որ առաջիկայում Ֆրանցիսկոս Պապի պատվիրակը նորից մեկնելու է Ռուսաստան եւ հանդիպումներ է ունենալու ռուսական դիվանագիտական բարձրաստիճան ներկայացուցիչների հետ։
Այցի մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ Սա ի դեպ, վերջին մեկ ամսում կարդինալ Ձուպիի երկրորդ այցը կլինի Մոսկվա։ Փաստացի Սուրբ Աթոռի խաղաղարար նախաձեռնությունը ուկրաինական հակամարտության կարգավորման ուղիներ որոնող նմանատիպ նախաձեռնությունների շարքում ամենից կենսունակն է։ Այս հաջողությունը նաեւ պայմանավորված է նրանով, որ Վատիկանը փորձում է առաջ գնալ «փոքր քայլերի արվեստի» տրամաբանությամբ՝ սկզբում ուշադրությունը սեւեռելով հակամարտության հումանիտար եւ պարենային հարցերի վրա, որոնց հաջողությամբ կարգավորումը կարող է ստեղծել հիմք, որպեսզի աստիճանաբար գործարկվի ավելի առարկայական քննարկումների համար նախատեսված հարթակ՝ հակամարտության տեւական կարգավորման համար։ Սա բավական լավատեսական մոտեցում է եւ կարող էր իրականություն դառնալ, եթե Կիեւը չափազանց կոշտ դիրքորոշում որդեգրած չլիներ։
Չմոռանանք, որ Կիեւից մեղադրանքներ հնչեցին, թե Հռոմի Պապն ունի ռուսամետ դիրքորոշում։ Սակայն սա Վատիկանին կարծես թեւաթափ չի անում։ Ու թեեւ արդյունքները չափազանց մշուշոտ են, Սուրբ Աթոռը որոշել է շարունակել իր խաղաղասիրական ջանքերը։