Վարդազարյանը հրապարակել է Ջհանգիրյանի հետ ձայնագրությունը
Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահ (լիազորությունները ժամանակավորապես կասեցված են) նախագահ Ռուբեն Վարդազարյանն այսօր՝ հունիսի 20-ին, հրավիրված ասուլիսին հրապարակել է ԲԴԽ նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Ջհանգիրյանի հետ ունեցած զրույցի ձայնագրությունը։
Զրույցը տեղի է ունեցել նախորդ տարվա փետրվարի 20-ին։
«Որեւէ դեպք եթե ինձ հետ կամ իմ ընտանիքի անդամների հետ պատահի. դա կլինի վթար, վրաերթ, մեղավորին կգտնեք»,- ձայնագրությունը հրապարակելուց առաջ ասաց Վարդազարյանը։
Ջհանգիրյան – Եթե էդ մարդն ըտենց ընդունել ա ձեր ասածը եւ այլն, մենք գնում ենք էդ ճանապարհով, ավելին իրեն ասեմ, որ ինքը չպիտի մնա ըտեղ եւ այլն, ես էլ ասել եմ՝ չէ, ինքը մնալու ա։
Վարդազարյան – Էտ ո՞վ ա տենց որոշումներ կայացնում։
Ջհանգիրյան - Լավ, որ հարցաքննում ես, ուրեմն բան չեմ ասի։ Հիմա ես քեզ եմ ասում, ես խնդիր չունեմ, որոշումը քոնն ա։
Վարդազարյան – պարզ ա, որ որոշումն իմն ա, դրա պատասխանատվությունն էլ ա իմը։ Էդ սաղ ես հասկանում եմ, բայց էս մեխանիզմո՞վ, ցավացնելո՞վ։ Եթե ցավացնելով ա, ես էլ կցավացնեն։
Ջհանգիրյան - Իրանք չեն ցավացրել քեզ։ Քեզ նորմալ առաջարկվել ա։
Վարդազարյան – Երկու հատ քրեական գործ հարուցելը ցավացնել չի՞։
Ջհանգիրյան - Երկու քրեական գործ չկա։ Էն մեկին նույնիսկ ընթացք չի տրվել։ Չեմ թողել երկրորդը, երրորդը հարուցվի։ Եթե երրորդ կամ երկրորդ քրեական գործ կա, հարուցողի… (սեռական բնույթի հայհոյանք է հնչեցնում)։ Բա որ կա, ինչի՞ չի գալիս։ Ում հետ որ գնացել, խոսել է, իրենք էդ սաղ սխեման գիտեն։ Իրենք էս պուճուր բանը սենց փչել ու ներկայացրել են, որ ինքն էդ որոշումը կայացնի։ Ես քեզ խորհուրդ եմ տալիս։
Վարդազարյան – Պատճառը պիտի իմանամ չէ՞։
Ջհանգիրյան - Եկել ա քո դասախոսը, պատճառը էդ, ա վերջ։ Դու ուրիշ պատճառ մի բան արի։
Վարդազարյան – Ուզում են, որ ես իմ սկզբունքները ընկերներիս դավաճանած լինեմ։
Ջհանգիրյան - Ո՞վ ա ուզում դավաճանած լինես, լավ է, ուրիշ բան ես տանում։ … Էդ բոլորը կանգնեցված են, եւ ես գարանտն եմ դրա։ Քեզ ի՞նչ ենք անում, հո չենք տանում, կախում։ Ես որ եկել եմ, ըտեղ նստել եմ, կախվա՞ծ եմ։ Էն ժամկետը, որը ասել ես, դրանից հետո, Ստեփանն էլ վկա է, ես չեմ կարա կանգնացնեմ։
Վարդազարյան – կարաս։
Ջհանգիրյան - Չէ, դե չես լսում։ Եթե իր ասած ժամկետում որոշումը կայացնում է, ես քո առաջ եմ գարանտ։ Էդ ժամկետը, որը դու ասել ես, էդ մարդ շատ դեմ ա եղել, էդ ժամկետը ես եմ խնդրել, համաձայնեցրել։ Մինչեւ ստեղ գալը ես Ստեփանին էլ եմ ասել, որ որոշումը քոնն ա։ Չեմ ուզում, որ մեր մոտ ՍԴ-ի իրավիճակը սարքենք։ Էդ ոչ մեկին պատիվ չի բերում։
Վարդազարյան – վատ բանը ո՞րն ա, ես էլ կգնամ, կնստեմ։
Ջհանգիրյան - Դե որ ուզում ես նստես, գնա, նստի, ինչ ասեմ։ Դու ես սկսել։
Վարդազարյան – ինչ եմ սկսել։
Ջհանգիրյան - Էդ հայտարարություններ, ասուլիսներ, դու ես չէ՞ սկսել։ Մնացածը դուք որոշեք, իմ համար խնդիր չկա, դու հո գիտես, ինչ պետք ա, ես հիմա էլ եմ անում։
Վարդազարյան – Հա, իհարկե գիտեմ։
Ջհանգիրյան - Ես էդ պիտի անեմ, էդ իմ վզին դրած ա, էդ իմ պարտքն եմ համարում։
Վարդազարյան – Ուզում եմ հասկանամ՝ Ջհանգիրյան Գագիկի ինչին ա պետք էս ամենը։
Ձայնագրությունը հրապարակելուց հետո Վարդազարյանը պարզաբանեց, որ իրեն առաջարկվել է ԲԴԽ նախագահի պաշտոնից հրաժարական տալ։ Նա հայտարարեց, որ այդ առաջարկությունն արվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից. «Ես ասել եմ՝ մինչեւ մարտի 1-ը ինձ ժամանակ է պետք, որովհետեւ ունեմ գործուղում՝ Մոսկվա եւ ամսի 1-ին կհանդիպեմ վարչապետին եւ իրենից պետք է լսեմ»։
Վարդազարյանը պատմեց, որ այդ ժամկետներում հրաժարական տալու դեպքում իր նկատմամբ որեւէ հետապնդում չէր լինելու. «Ջհանգիրյանի նախագահության դեպքում կլինեի ԲԴԽ դատավոր եւ որեւէ կարգապահական այս վարույթն էլ չէր լինի»։