«Պետական համակարգում մի քանի սենյակ միացրել են, որ մարդիկ 1 էլեկտրատաքացուցիչով տաքանան»․ Ստեփանակերտի փոխքաղաքապետ
Արցախում գազամատակարարման դադարացման պատճառով Ստեփանակերտում ջեռուցման հիմնական միջոցը էլեկտրականություն է, կան տներ, որոնք վառելափայտով են տաքացվում։ Այս մասին ասել է Ստեփանակերտի փոխքաղաքապետ Սամվել Ղուլյանը։
«Աշխատում ենք շատ խնայողաբար օգտագործել հոսանքը, որպեսզի ենթակայաններում տատանումներ չլինեն։ Մեր պետական կառույցներում մի քանի սենյակներ միացրել ենք իրար, շատ մարդիկ իրար հետ են նստում ու մեկ էլեկտրատաքացուցիչով տաքանում»,- պատմեց Ղուլյանը։
Փոխքաղաքապետի խոսքով՝ քաղաքում հացի խնդիր չկա, արտադրամասերն աշխատում են սովորական ռեժիմով։
«Հացի արտադրամասերը հիմնականում աշխատում են «դվիժոկներով»։ Խնդիրները կենցաղային են․ մարդկանց մեծ մասը փորձում է հեղուկ գազաբալոններ գտնել ուտելիքների պատրաստման համար»,- նշեց Սամվել Ղուլյանը։
Այս պահին Ստեփանակերտի 12 դպրոցներում դասապրոցեսն ընդհատված է, աշակերտները հեռավար եւս չեն կարողանում մասնակցել դասերին։ Սամվել Ղուլյանի խոսքով՝ մարտի 28–ին Արցախի կառավարությունը կորոշի վերականգնել դասերը, թե ոչ։
Սամվել Ղուլյանի խոսքով՝ Արցախում առատ ձյան տեղումների պատճառով Ստեփանակերտում փակ ճանապարհներ չկան, բոլոր քաղաքային ճանապարհներն անցանելի են, աշխատանքներ են տարվում ծայրամասային մայթերը մաքրելու ուղղությամբ։
«Ես իմ ամբողջ կյանքի ընթացքում՝ երեք տասնամյակից ավել, այսպիսի տեղումներ եւ ցուրտ եղանակ Ստեփանակերտում տարվա այս ամսին չեմ տեսել»,- ընդգծեց Սամվել Ղուլյանը։
Սամվել Ղուլյանը նշեց, որ վատ եղանակի պատճառով քաղաքում երբեմն հոսանքի կարճ տատանումներ են լինում։
Հիշեցնենք, որ Արցախում գազի մատակարարում առաջին անգամ դադարեցվել էր դեռ մարտի 8–ին, երբ ժամը 1։00–ի սահմանում, ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում վնասվել էր մայրուղային բարձր ճնշման գազատարը։
Ադրբեջանական կողմը 9 օր խոչընդոտներ էր ստեղծում վնասված գազատարի վերանորոգման աշխատանքները իրականացնելու համար։ Միայն մարտի 16–ին, ըստ Արցախի տեղեկատվական շտաբի, Հայաստանի կառավարության ու ռուս խաղաղապահների աջակցությամբ իրականացվող բանակցությունների շնորհիվ՝ ադրբեջանական կողմն սկսել էր գազատարի վերանորոգման աշխատանքները, որոնք ավարտվել էին մարտի 19–ին։
3 օր անց՝ մարտի 21–ին, Արցախի տեղեկատվական շտաբը տեղեկացրեց, որ ադրբեջանական կողմի ուղիղ միջամտության հետեւանքով Արցախի Հանրապետությունում կրկին դադարեցվել է գազամատակարարումը։
«Մենք ունենք բավարար հիմքեր պնդելու, որ մարտի 8-ին պայթեցված գազատարի վերանորոգման աշխատանքների ընթացքում ադրբեջանական կողմը տեղադրել է փական, որի միջոցով էլ ժամեր առաջ դադարեցրել է գազամատակարարումը։ Ադրբեջանը ստեղծված եղանակային անբարենպաստ պայմանները ծառայեցնում է մեր ազգաբնակչության համար հումանիտար լրացուցիչ խնդիրներ առաջացնելու նենգ գործին եւ դիմում հանցավոր քայլի»,– ասվում էր հաղորդագրության մեջ։
Արցախում գազի մատակարարման դադարեցման մասին համատեղ հայտարարությամբ են հանդես եկել Արցախի եւ Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանները։ «Արցախի հայության էթնիկ զտման ադրբեջանական քաղաքականության համար գտնվել է «մանր վրեժխնդրության» գործիք.... Ավելի քան 100.000 հայ բնակչության նկատմամբ այս ամոթալի «վրեժխնդրությունը» անընդունելի է։ Պետական այս ձեռագիրը լավագույնս բնորոշում է Ադրբեջանի կողմից հնչեցվող «հանդուրժողականության» թեզերի կեղծ ու սնանկ էությունը»,– ասվում էր հաղորդագրության մեջ։
Հայտարարությամբ էր հանդես եկել նաեւ Հայաստանի արտգործնախարարությունը։