Ադրբեջանի իշխանությունները ՄԱԿ-ի հետ գործընկերության 30-ամյակին նվիրված նիստ են անցկացնում Շուշիում
Ադրբեջանի իշխանությունները ՄԱԿ-ի հետ գործընկերության 30-ամյակին նվիրված նիստ են անցկացնում օկուպացված հայկական Շուշի քաղաքում:
ԱՊԱ-ի փոխանցմամբ՝ նիստը կկայանա այսօր: Նիստի մասնակիցներն արդեն ինքնաթիռով ժամանել են Ֆուզուլիի օդանավակայան։ Հատկանշական է, որ ինքնաթիռը, որով ժամանել են նիստի մասնակիցները, կոչվում է «Խանքենդի». այդպես են Ադրբեջանում կոչում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաք՝ հայկական Ստեփանակերտ քաղաքը։
«Շուշիում նիստի հիմնական նպատակն Ադրբեջան-ՄԱԿ գործընկերության Կայուն զարգացման նպատակներին հասնելու ուղու քննարկման համար բարենպաստ հարթակի ստեղծումն է, հետհամավարակային եւ հետկոնֆլիկտային իրողություններում Ադրբեջանի նոր առաջնահերթությունների եւ հնարավորությունների քննարկումը։ Պատվիրակության կազմում են ԱՀ պետական եւ կառավարական բարձրաստիճան պաշտոնյաներ, երկրում ՄԱԿ-ի մշտական համակարգողը, Ադրբեջանում ՄԱԿ-ի կառույցների բարձրաստիճան պաշտոնյաներ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Այսպիսով, ՄԱԿ-ի ներկայացուցիչներն ուղիղ կերպով խրախուսում են Ադրբեջանի օկուպացիոն քաղաքականությունը: