Արցախի օմբուդսմեն. տարածքի կարգավիճակը չի կարող խոչընդոտել այդ տարածքի բնակիչների ունիվերսալ իրավունքների իրացմանը
Տարածքի կարգավիճակը չի կարող խոչընդոտել այդ տարածքի բնակիչների ունիվերսալ իրավունքների իրացմանը։ Այս մասին «Հոդված 3»-ին տված հարցազրույցում ասել է Արցախի օմբուդսմեն Գեղամ Ստեփանյանը։
«Արցախը չպետք է դիտարկվի որպես տարածքային վեճ։ Մենք պետք է առաջնորդվենք Արցախի բնակիչների իրավունքների առաջնահերթությամբ եւ հաշվի առնենք, որ աշխարհում մարդու իրավունքների օրակարգը ենթադրում է մարդու իրավունքների ունիվերսալություն։ Տարածքի կարգավիճակը չի կարող խոչընդոտել այդ տարածքի բնակիչների ունիվերսալ իրավունքների իրացմանը»,- ընդգծել է օմբուդսմենը։
«Մենք փորձում ենք դա փոխանցել միջազգային կազմակերպություններին։ Մենք պատերազմի ժամանակ եւ դրանից հետո հրավիրել ենք այցելել Արցախ։ Ցավոք, եւ՛ պատերազմի ընթացքում, եւ՛ դրանից հետո ոչ մի կազմակերպություն հստակ դիրքորոշում չզբաղեցրեց, համարձակություն չցուցաբերեց այցելել Արցախ»,- նշել է օմբուդսմենը՝ հավելելով, որ իրավապաշտպան կազմակերպությունները պարզապես ստիպված են եղել փաստահավաք առաքելություններ ուղարկել՝ թեկուզ մարդու իրավունքների պաշտպանի զեկույցները ստուգելու համար։
«Ցավոք, դա տեղի չունեցավ։ Արցախի հանրության մոտ նման անտարբերությունն անվստահություն եւ հիասթափություն է առաջացնում։ Սակայն աշխատանքը պետք է շարունակել, քանի որ Ադրբեջանը կփորձի լրացնել բացը, եթե այն առաջանա»,- ասել է Ստեփանյանը։