100 տարում առաջին անգամ Լեռնային Ղարաբաղում նշել են Սուրբ ծնունդը ռուս խաղաղապահների եւ ուխտագնացների հետ
100 տարում առաջին անգամ Լեռնային Ղարաբաղում տեղի է ունեցել Սուրբ ծննդի տոնակատարությունը ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողների եւ ուխտագնացների մասնակցությամբ, որոնք եկել էին Ռուսաստանից եւ Հայաստանից։
«2021թ. ապրիլի 12-ին կատարվեց Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի Հիսուսի ծննդյան տաճարի հիմնարկեքի, իսկ նոյեմբերի 4-ին՝ օծման արարողությունը։ Զորակազմի հրամանատարության եւ անձնակազմի, Ստեփանակերտ քաղաքի բնակիչների ջանքերով կարճ ժամկետում կառուցվեց այս զինվորական տաճարը։ Այսօր մենք տոնում ենք մեր տաճարի առաջին տոնը։ Սա առիթ է նորից մեծարելու Ռուսաստանի հավատարիմ զավակներին, որոնք իրենց ավանդն են ներդնում խաղաղության եւ համաձայնության վերականգնման գործում Լեռնային Ղարաբաղի բազմաչարչար հողում»,- ասել է Հիսուսի ծննդի տաճարի վանահայր Վադիմ Վալինկինը։
Ռուսական խաղաղապահ զորակազմի ստորաբաժանումների տեղակայման տարածքում նոր կառուցված Հիսուսի ծննդյան տաճարում կայացավ Սուրբծննդյան ժամերգություն, որն ավարտվեց խաչակիր երթով, որին մասնակցեցին ավելի քան 200 զինծառայող եւ 100 ուխտագնաց։
«Ամեն տարի այս լուսավոր տոնը դիմավորում եմ ընտանիքիս, հարազատներիս եւ մերձավորներիս հետ։ Բայց այս տարի ես գործուղման մեջ էի, եւ տոնը դիմավորելու եմ ռուսական խաղաղապահ զորակազմի անձնակազմի հետ։ Ուրախալի է, որ այս տարի կառուցվեց ուղղափառ եկեղեցի, եւ մենք բոլորս հնարավորություն ունենք այցելելու տոնական պատարագին։ Բոլորին շնորհավորում եմ Հիսուսի ծննդյան լուսավոր տոնի առիթով»,- ասել է ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Իգոր Ռազումովսկին։
Հիսուսի ծննդյան ուղղափառ եկեղեցին Լեռնային Ղարաբաղում կառուցվել է մոտ մեկ տարում հավատացյալ ռուս խաղաղապահների նախաձեռնությամբ։ Տաճարի համար հայ վարպետները եւ նկարիչները պատրաստել են 24 սրբապատկեր Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի հովանավոր սրբերի պատկերներով։
Առաջին աղթոքը նոր կառուցված տաճարում տեղի է ունեցել 2021թ. օգոստոսի 8-ին։ Բացման պահից մինչ օրս ժամերգություններին կանոնավորապես այցելում են խաղաղապահ զորակազմի զինծառայողներն ու Լեռնային Ղարաբաղի ռուսական համայնքի ներկայացուցիչները։
Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի Հանրապետության նախագահի եւ Հայաստանի Հանրապետության վարչապետի համատեղ հայտարարությունում նշված պայմանավորվածություններին համապատասխան՝ 2020թ. նոյեմբերի 10-ի 00 ժամ 00 րոպեից (Մոսկվայի ժամանակով) հայտարարվել է լիակատար հրադադար եւ մարտական գործողությունների դադարեցում Լեռնային Ղարաբաղում։ Հրադադարի եւ մարտական գործողությունների դադարեցման վերահսկման համար Լեռնային Ղարաբաղում տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը։