Ռուս խաղաղապահները ոչնչացրել են Լեռնային Ղարաբաղում հայտնաբերված պայթունավտանգ առարկաները
Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները ոչնչացրել են Լեռնային Ղարաբաղի տարածքում հայտնաբերված զինամթերքը: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։
Օրվա ընթացքում խաղաղապահ ուժերի սակրավորները Մարտունու շրջանում հայտնաբերված ձեռքի հակատանկային նռնականետի ութ զինամթերք են ոչնչացրել։ Հայտնաբերված պայթուցիկ առարկաների վնասազերծումն իրականացվել է վրադիր լիցքի պայթեցման միջոցով՝ պահպանելով անվտանգության բոլոր անհրաժեշտ միջոցները։
«Մարտունու շրջանի բնակչից ահազանգ էր ստացվել պայթուցիկ առարկաների հայտնաբերման մասին։ Տեղ հասնելուն պես ձեռքի հակատանկային նռնականետի (ՌՊԳ-7) ութ կրակոց էր հայտնաբերվել, եւ իրավիճակը գնահատելուց հետո որոշում էր կայացվել տեղում ոչնչացնել զինամթերքը»,- ասել է ռուս խաղաղապահների զորախմբի ներկայացուցիչ Պյոտր Պարշիկովը:
Պայթուցիկ զինամթերքի վնասազերծմանը մասնակցել է ռուսական խաղաղապահ զորախմբի ավելի քան 10 զինվորական՝ «ԻՊՄ-Ս2» ականորոնիչների եւ «Կորշուն» ոչ կոնտակտային շարժական որոնիչների կիրառմամբ։
Տեղի բնակիչները դիմում են Ռուսաստանի խաղաղապահ ուժերի հումանիտար արձագանքման կենտրոնին՝ իրենց պաշտպանելու եւ ձմռանը գյուղատնտեսական աշխատանքների նախապատրաստման համար նախատեսված միջոցառումները չխաթարելու համար։
Ընդհանուր առմամբ, 2020 թվականի նոյեմբերի 23-ից մարդասիրական ականազերծման ստորաբաժանման զինծառայողները չպայթած զինամթերքից մաքրել են 2 326.6 հա տարածք, ավելի քան 683 կիլոմետր ճանապարհ, 1 937 շինություն, այդ թվում՝ 34 սոցիալապես նշանակալի օբյեկտ, հայտնաբերվել եւ վնասազերծվել է 26 088 պայթուցիկ օբյեկտ: