Ռուս խաղաղապահները պարեկություն են իրականացնում ԼՂ-ում սահմանազատման գծի երկայնքով
Ռուս խաղաղապահները պարեկություն են իրականացնում ԼՂ-ում սահմանազատման գծի երկայնքով։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։ Ռուս խաղաղապահ զորախմբի զինծառայողները շարժական պարեկային խմբերի կազմում ԲՏՌ-82Ա ժամանակակից զրահամեքենաներով ու «ԿամԱԶ»-ներով բազմակիլոմետրանոց երթ են իրականացրել Լեռնային Ղարաբաղի ընդհանուր օգտագործման ու գրունտային դժվարանցանելի ճանապարհներով:
Նշվում է, որ սահմանազատման գծի երկայնքով իրականացվող պարեկության ընթացքում ռուս խաղաղապահները վերահսկում են հրադադարի ռեժիմի պահպանումը, դիտարկում օդային իրավիճակը եւ զրուցում տեղի բնակիչների հետ։
«Այսօր դիտարկում ենք իրականացնում Ասկերանի շրջանում` կողմերի սահմանազատման գծի երկայնքով, վերահսկում ենք իրավիճակը։ Երբեմն կանգ ենք առնում բնակավայրերում, շփվում տեղի բնակիչների հետ, եռակողմ հայտարարության խախտման վերաբերյալ հարցեր ենք տալիս»,-ասել է ռուս խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Անդրեյ Կասյանովը։
27 դիտակետերում ռուս խաղաղապահներն իրականացնում են իրավիճակի շուրջօրյա մոնիթորինգ եւ վերահսկում հրադադարի ռեժիմի պահպանումը։
Ռուսաստանի նախագահի, Ադրբեջանի նախագահի եւ Հայաստանի վարչապետի համատեղ հայտարարության մեջ նշված պայմանավորվածությունների համաձայն, 2020 թվականի նոյեմբերի 10-ին Մոսկվայի ժամանակով 00:00-ից սկսած հայտարարվել է Լեռնային Ղարաբաղում կրակի եւ բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցում: Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման եւ ռազմական գործողությունների վերահսկման համար տեղակայված է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը: