Ռուս խաղաղապահները մեկ ամսում ապահովել են մոտ հազար տարանցիկ մեքենաների անվտանգ տեղաշարժը ԼՂ
Ռուս խաղաղապահները մեկ ամսում ապահովել են մոտ հազար տարանցիկ մեքենաների անվտանգ տեղաշարժը ԼՂ։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։
«Դիտակետերի զինծառայողներն ամեն օր վերահսկողություն են իրականացնում իրենց պատասխանատվության գոտում։ Ռուս խաղաղապահներն ապահովում են դիտակետերի անցակետերով տարանցիկ մեքենաների անվտանգ տեղաշարժը։ Հնարավոր սադրանքները կանխելու նպատակով ստուգման են ենթարկվում բոլոր ավտոտրանսպորտային միջոցները, իսկ անհրաժեշտության դեպքում՝ զննում է իրականացվում։ Մեկ ամսում ապահովվել է մոտ հազար տարանցիկ մեքենաների, ինչպես նաեւ ավելի քան 6800 անձի անվտանգ տեղաշարժը»,-ասել է ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Դմիտրի Եմելյանովը։
Ընթացիկ իրավիճակը վերահսկելու համար բոլոր դիտակետերը հագեցած են տեսահսկման ժամանակակից փողոցային գմբեթավոր տեսախցիկներով:
Ծառայության ընթացքում խաղաղապահ զորակազմի ռուս զինծառայողները հանդերձված են «Ռատնիկ» կոստյումներով: Դիտակետերը հագեցած են ժամանակակից լուսադիոդային լուսարձակներով եւ անխափան սնուցման աղբյուրներով:
Ռուսաստանի խաղաղապահ ուժերի քսանյոթ դիտակետերը տեղակայված են Լաչինի միջանցքում եւ Լեռնային Ղարաբաղում սահմանազատման գծի ողջ երկայնքով: Ռուս խաղաղապահներն ապահովում են իրադրության շուրջօրյա մոնիթորինգ եւ հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն:
Ռուսաստանի Դաշնության նախագահի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի եւ Հայաստանի Հանրապետության վարչապետի համատեղ հայտարարության մեջ նշված պայմանավորվածությունների համաձայն՝ 2020 թվականի նոյեմբերի 10-ին Մոսկվայի ժամանակով 00:00-ից հայտարարվել է Լեռնային Ղարաբաղում կրակի եւ բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցում: Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման եւ ռազմական գործողությունների վերահսկման համար տեղակայված է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը: