Երեկ բողոքի ակցիա էր Արցախում, որին արձագանքել են Արցախի խորհրդարանականները. Մեկ ամսում շրջանառության մեջ կդրվի ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքը
Անհապաղ ընդունել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման օրենքը, պետական սեփականություն դարձնել Արցախի երկրորդ նախագահին և Պաշտպանության նախկին նախարարին պատկանող առանձնատները: Պահանջի հեղինակները արցախցիներ են, որոնք երեկ ակցիա են իրականացրել Ստեփանակերտում: Նրանք փողոց են փակել, ավելի ուշ բացել՝ խորհրդարանականների հորդորով:
Արթուր Օսիպյան, «Իմ իրավունքը» շարժման նախաձեռնող - Այդ օրենքները չեն բավարարում հասարակության, ժողովրդի մտահոգությունները: Ըստ ժողովրդի՝ այդ օրենքներն անարդար են, անընդունելի են: Եվ այստեղ խախտվում է ժողովրդավարության սկզբունքը:
Ստեփանակերտի Ազատամարտիկների փողոցն «Իմ իրավունքը» քաղաքացիական շարժումը փակել է ժամը 14:00-ին: Պահանջել են, որ խորհրդարանն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենք ընդունի, ինչը թույլ կտա երկրում վերականգնել արդարությունը:
Արթուր Օսիպյան - Մենք հրավիրում ենք այստեղ ԱԺ պատգամավորներին, որպեսզի իրենք այդ հարցերին պատասխանեն: Այո՛, ճանապարհ ենք փակել, որովհետև այլ տարբերակ մեզ չեն թողել:
Ըստ Արթուր Օսպիյանի՝ Արցախում հազարավոր տեղահանված քաղաքացիներ կան: Սա այն դեպքում, երբ զգալի թվով պաշտոնյաներ իրենց առանձնատներում ժամանակավոր չեն ընդունել նրանց: Պահանջում են պետական սեփականություն դարձնել Արցախի երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանին և Պաշտպանության նախկին նախարար Մովսես Հակոբյանին պատկանող առանձնատները:
Արթուր Օսիպյան - Օրենքում գրած է, որ նախկին նախագահին պետությունը պետք է ապահովի բնակարանով, թող բնակարանով ապահովեն, այլ ոչ թե նախագահական նստավայր նվիրեն Արկադի Ղուկասյանին: Մովսես Հակոբյանի դղյակի վերաբերյալ, բաց հրապարակային տվյալներով, բանակի հաշվին է կառուցվել, բանակի վրա վաճառվել է, այնուհետև նվիրել են Մովսես Հակոբյանին: Սա ակնհայտ կոռուպցիա է:
Բողոքի ակցիային արձագանքել են Արցախի խորհրդարանականները, պատրաստակամություն հայտնել մեկ ամսում շրջանառության մեջ դնել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքը: Շարժման նախաձեռնողները պատասխանել են, որ խնդիրը հրատապ է և պետք է արագ գործել: Հայտարարել են՝ փողոցը բացում են, բայց բողոքի ակցիան կշարունակեն: