Վաղն արդեն կլրանա մեր զինվորների անհետ կորելու 50-րդ օրը. մենք պատրաստ չենք սպասելուն, ինչքա՞ն սպասենք. անհետ կորած զինծառայողի ծնող
Ինչպես քիչ առաջ Operativ լրատվականը հաղորդել էր, այսօր՝ դեկտեմբերի 8-ին, անհետ կորած զինծառայողների ծնողները բողոքի ակցիա էին անում Էջմիածնի զորամասի դիմաց:
Յոթ օր է անցել, ինչ մեզ խոսք են տվել, որ Զանգելանի հատվածում որոնողական աշխատանքներ կկատարեն: Վաղն արդեն կլրանա մեր զինվորների անհետ կորելու 50-րդ օրը ու նրանց մասին որևէ տեղեկություն չունեն, դեռ սպասում են, բայց մենք պատրաստ չենք սպասելուն, ինչքա՞ն սպասենք, լրագրողների հետ զրույցում ասաց անհետ կորած զինծառայողների ծնողներից մեկը:
Ծնողը նշեց, որ պաշտոնական տեղեկություն կա, որ 34-ից 3-ը գերի են, այլ տեսանյութերով էլ որոշ ծնողները ճանաչել են իրենց երեխաներին:
Անհետ կորած զինծառայողների ծնողներից մեկն էլ նշեց, որ այս օրերին իրենց երեխաներին գտնելու ուղղությամբ լուրջ աշխատանքներ չեն տարվել: «Մենք շտաբ գնացինք, որ տղաներից մեկի տվյալները թարմացնենք, այնտեղ քիմիկների գործով զբաղվողը լուռ նստած էր, իսկ նրա կողքին նստած գնդապետ Մարությանը, իր ասելով՝ լավության կարգով ասաց՝ չգիտեք, թե քիմիկների հետ ինչ է եղել, 17-ը մահացած են, 17-ը՝ գերի, պատկերացրեք մեր վիճակը»,-ասաց նա և հավելեց, որ երբ ծնողները փորձել են պատասխան ուզել, հասկանալ իրողությունը, գնդապետն ասել է, թե ծնողները նրան սխալ են հասկացել:
«Հաջորդ օրը ՊՆ-ից ոմն անկիրթ, անդաստիարակ Վահագն Վարդանյանի են ուղարկել՝ բացատրություն տալու, որն էլ մեզ անվանեց պրովոկացիա անողներ, ասաց՝ Մարությանը շատ վատ մարդ է և այս ամենն ինքն է խառնել, հետո տեսավ, որ ձեռքերումս հեռախոս կա, ասաց՝ ձայնագրում եք ու խլեց հեռախոսը: Եթե վախենալու բան չուներ, ինչու մտածեց, որ կարող ենք ձայնագրել»,-ասաց նա:
Մենք չենք սպասելու․ անհետ կորած զինծառայողների հարազատները Էջմիածնի զորամասի մոտ