Վարշավան երկար տարիների ընթացքում խոչընդոտել է Ռուսաստանի հետ երկկողմանի հարաբերություններին. Զախարովա
Վարշավայի ներկայացուցիչները, ոչ թե Մոսկվան երկար տարիներ շարունակ խոչընդոտել են փորձագետների աշխատանքը, որոնք կոչված են երկու երկրների պատմության բարդ հարցերում, ինչպես նաեւ երկկողմանի հարաբերություններում լուծումներ գտնել: Այդ մասին կիրակի հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Հենց Վարշավայի ներկայացուցիչներն են տարիներ շարունակ խոչընդոտել փորձագետների աշխատանքին եւ երկկողմանի հարաբերությունների զարգացմանը,-ասել է նա՝ մեկնաբանելով Լեհաստանի ԱԳՆ հայտարարությունը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի մեկնարկի եւ ընթացքի մասին:- Ագրեսիվ հռետորաբանությունը, ֆաշիզմի դեմ պայքարող զինվորների հուշարձանները քանդելը, ԵՄ-ի՝ հակառուսական պատժամիջոցներն ընդունելու հարցում ակտիվ դերակատարումը դրա ուղիղ ապացույցներն են»:
Հինգշաբթի կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հիշեցրել է, որ Խորհրդային Միությունը Եվրոպայի վերջին պետությունն էր, որը Գերմանիայի հետ ստորագրել էր չհարձակվելու մասին պակտ: Պուտինը նշել է, որ խորհրդային զորքերը մտել էին Լեհաստան չհարձակման մասին պակտին կից արձանագրությունների համաձայն, սակայն Լեհաստանը դրանից ավելի վաղ մասնակցել էր Չեխոսլովակիան բաժանելու գործընթացում, իսկ այդ ժամանակ, երբ խորհրդային զորքերը հայտնվել էին երկրի տարածքում, Լեհաստանի կառավարությունը կորցրել էր վերահսկողությունը զինված ուժերի նկատմամբ եւ փախուստի դիմել: Ինչպես նշել է Ռուսաստանի նախագահը, «ոչ ոք չկար, ում հետ կարելի էր խոսել»:
Ի պատասխան՝ Լեհաստանի ԱԳՆ-ը մտահոգություն է հայտնել Վլադիմիր Պուտինի խոսքերի շուրջ: Նախարարության հայտարարության մեջ նշվում է, որ ՌԴ նախագահի խոսքերը իբր «ներկայացնում են իրադարձությունների կեղծ պատկերը»:
Ռուս-լեհական փորձագետներն աշխատում են Երկկողմանի հարաբերությունների պատմության բարդ հարցերի վերաբերյալ ստեղծված Հանձնաժողովի շրջանակում, որը ձեւավորվել էր անցյալի իրադարձությունների մասին տարբեր հայացքների շուրջ հակասությունները հաղթահարելու համար: