Բաքուն ԱԳՆ ղեկավարների հանդիպման նախօրեին խստացնում է հռետորաբանությունը․ քաղաքագետ
Հաջորդ նախարարական հանդիպումից առաջ կարելի է սպասել, Բաքվի կողմից հռետորաբանության խստացման։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը դեկտեմբերի 6-ին հայտարարեց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։
Նրա խոսքերով՝ դա հիմնականում կապված է Ադրբեջանի ներքաղաքական իրավիճակի հետ։ «Այնտեղ փետրվարին նախատեսվում են խորհրդարանական ընտրություններ, որոնք շատ կարեւոր նշանակություն ունեն երկրի համար՝ հաշվի առնելով ընտրախավում մի խմբի գերիշխումը մյուսի հանդեպ։ Ղարաբաղյան հարցը շատ արդյունավետ համախմբող գործոն է՝ ե՛ւ շարքային քաղաքացիների, ե՛ւ էլիտաների»,- նշեց նա։ Քաղաքագետը նկատեց, որ ղարաբաղյան հակամարտության թեման առկա է երկու կողմերի ներքաղաքական դիսկուրսներում, եւ հաճախ Երեւանից ու Բաքվից հնչող հայտարարությունները առնչություն չունեն բուն հակամարտության հետ։
Հիշեցնենք, որ Բրատիսլավայում ԵԱՀԿ 26-րդ նախարարական համաժողովում դեկտեմբերի 4-ին տեղի ունեցավ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի եւ Էլմար Մամեդյարովի հանդիպումը, որը տեղի ունեցավ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (ՌԴ), Սթեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի միջնորդությամբ ու մասնակցությամբ։ Դրանից հետո ԵԱՀԿ արտգործնախարարների Խորհրդի 26-րդ համաժողովի ընթացքում Սլովակիայի ԱԳՆ ղեկավար եւ ԵԱՀԿ գործող նախագահ Միրոսլավ Լայչակը հայտարարեց, որ գոյություն ունի ղարաբաղյան հակամարտության թեժացման իրական սպառնալիք։
Արտահերթ խորհրդարանական ընտրությունները Ադրբեջանում կկայանան փետրվարի 9-ին։