Իրանը դեմ է Պարսից ծոցի գոտի ճապոնական նավեր ուղարկելուն
Իրանը դեմ է Պարսից ծոցի գոտի ճապոնական եւ այլ արտասահմանյան ռազմական կոնտինգենտ ուղարկելուն: Այս մասին չորեքշաբթի տարածված ճապոնական NHK հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Իրանի ԱԳ փոխնախարար Աբաս Արաղչին, որը Տոկիո է ժամանել որպես Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հատուկ ներկայացուցիչ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Չեմ կարծում, որ որեւիցե արտասահմանյան զորք ավանդ կբերի տարածաշրջանում կայունության, անվտանգության եւ խաղաղության գործում»,- ասել է նա՝ մեկնաբանելով այն տեղեկությունները, որ Տոկիոն հիմա պատրաստվում է նավագնացության անվտանգության ապահովման շրջանակում Պարսից ծոցի գոտի ուցարկել առնվազն մեկ ռազմանավ՝ հետախույզ օդանավի ուղեկցությամբ: Իրանի նախագահի ներկայացուցչին նման հեռանկարի մասին երեքշաբթի անձամբ հայտնել էր Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն, որը Աբաս Արաղչիի հետ բանակցություններ էր վարել Տոկիոյի իր նստավայրում:
NHK-ի հետ հարցազրույցում Իրանի նախագահի ներկայացուցիչը հայտարարել է, որ Ճապոնիայի վարչապետին տեղեկացրել է այդ հարցում Թեհրանի դիրքորոշման մասին: Այս կապակցությամբ Աբաս Արաղչին ընդգծել է. «Տարածաշրջանի խնդիրների աղբյուրն այն է, որ ԱՄՆ-ն Իրանի դեմ սահմանել է ամենախիստ պատժամիջոցները եւ միակողմանի կարգով դուրս է եկել միջուկային համաձայնագրից»: Նա հայտարարել է, որ դրա հետ կապված Թեհրանը պատրաստ է ամենավճռական պատասխան միջոցներին: «Եթե մենք չենք կարողանալու օգուտ ստանալ միջուկային պայմանավորվածություններից, ապա անպայման կշարժվենք դեպի հաջորդ փուլ եւ հաջորդ քայլերը կձեռնարկենք իրադրությունից կախված»,- ասել է նա: Աբաս Արաղչին հասկացրել է, որ Թեհրանը, մասնավորապես, կարող է հրաժարվել թույլ տալ ԱԷՄԳ-ի տեսուչներին մտնել իր միջուկային օբյեկտներ:
Իրանի միջուկային գործարքի ապագան հարցականի տակ հայտնվեց 2018 թվականի մայիսի 8-ին համաձայնագրից ԱՄՆ միակողմանի դուրս գալուց եւ Իրանի դեմ Վաշինգտոնի կողմից նավթի արտահանման ոլորտում պատժամիջոցներ մտցնելուց հետո։ Ըստ իրանական կողմի՝ մնացյալ մասնակիցները, առաջին հերթին եվրոպացիները ամբողջությամբ չեն կատարում համաձայնագրի տնտեսական մասի իրենց պարտավորությունները, ուստի ներկայիս տեսքով գործարքն անիմաստ է
Սեպտեմբերի 6-ին Իրանը հայտարարեց, որ սկսել է պարտավորությունների կրճատման երրորդ փուլը եւ հրաժարվեց սահմանափակել ատոմի հետազոտությունները։ ԱԷՄԳ-ն սեպտեմբերի 8-ին տեղեկացրեց, որ Իրանի իշխանությունները տեղեկացրել են իրեն հետազոտություններ սկսելու եւ նոր ցենտրիֆուգներ ստեղծելու մասին։ Հետագայում հայտնի դարձավ, որ Թեհրանը միջոցներ է մշակում, որոնք կկազմեն ԳՀՀԾ-ի գծով նրա պարտավորությունների կրճատման չորրորդ փուլը։
2019 թվականի մայիսի 8-ին Իրանը հայտարարեց միջուկային գործարքի մի շարք պարտավորությունների դադարեցման մասին։ Հուլիսին Թեհրանը անցավ երկրորդ փուլին՝ հայտարարելով, որ ուրանը հարստացնում է 3,67 տոկոսից ավելի եւ խոստանալով նվազեցնել պարտավորությունների կատարումը ամեն 60 օրը մեկ, եթե գործընկերները չկատարեն իրենց խոստումները։ Իրանը նոյեմբերի 6-ին սկսեց Ֆորդո միջուկային օբյեկտում ուրանի հարստացման ցենտրիֆուգեր գազ ներմղել, ինչը փաստացի նշանակում էր պարտավորությունների կրճատման 4-րդ փուլի մեկնարկ: