Պիկասսոյի, Մոնեի, Մատիսսի նկարների գողը պատրաստ է 5 կտավ վերադարձնել
Ռադի Դոգարուն, ով մեղադրվում է հոլանդական «Քյունսթհալլ» թանգարանից 7 նկարի գողության մեջ, համաձայնվել է 5 գործ վերադարձնել իշխանություններին, եթե դատական գործընթացը տեղի ունենա Նիդերլանդներում: Այս մասին հայտնում է հոլանդական «Volkstrant» թերթը:
Դատական գործընթացը սկսվել էր երեքշաբթի` Բուխարեստում, սակայն արդյունքում մեկ ամսով հետաձգվել է: Մինչ այդ Ռադու Դոգարուի փաստաբանը հայտնել է, որ իր պաշտպանյալը հասնելու է այն բանին, որ իր դատն անցնի Նիդերլանդներում, քանի որ գողության համար սահմանված պատիժը Նիդերլանդներում շատ ավելի մեղմ է, քան` Ռումինիայում: Դոգարուից բացի ձերբակալված է Ռումինիայի 5 բնակիչ, ովքեր կասկածվում են գողության մեջ.նրանցից երեքն արդեն խոստովանել է իր մեղքը:
Ավելի վաղ հաղորդագրություն էր տարածվել, որ 100 մլն եվրո արժողությամբ նկարներն այրել է Ռադուի մայրը` Օլգա Դոգարուն, որի մասին վկայում էին նրա վառարանի մոխրի տեխնոլոգիական փորձաքննության արդյունքները: