Հայաստանի քաղաքացիները Հոնկոնգի շրջանում կարող են առանց մուտքի վիզայի մնալ 30 օր
Կառավարությունը որոշում է կայացրել փոխադարձության սկզբունքի հիման վրա Չինաստանի Հոնկոնգի հատուկ վարչական շրջանի անձնագիր կրող քաղաքացիների համար սահմանել առանց մուտքի վիզայի այցելությունների ռեժիմ:
Որոշման նախագիծը ներկայացրեց Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը: Նրա խոսքով՝ Հայաստանի քաղաքացիները Հոնկոնգի շրջանում կարող են առանց մուտքի վիզայի մնալ 30 օր, իսկ Հոնկոնգի հատուկ շրջանի քաղաքացիների համար սահմանվում է Հայաստանի տարածքում մնալու 180-օրյա ռեժիմ:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Հայաստանի և Չինաստանի միջև հարաբերություններն ու բազմակողմ համագործակցության դինամիկան տարեցտարի արձանագրում են նոր առաջընթաց: Ավելանում է տարածաշրջանից, ինչպես զբոսաշրջային, այնպես էլ գործնական նպատակներով Հայաստան ժամանողների թվաքանակը: Հայաստանի և ՉԺՀ միջև ներկայումս քննարկվում է ուղիղ չվերթներ սկզբնավորելու հարցը: Բացի այդ, առանց մուտքի վիզայի այցելությունների ռեժիմ սահմանելու վերաբերյալ բանակցություններ են սկզբնավորվել Չինաստանի հետ: Հոնկոնգ ՀՎՇ անձնագիր կրող քաղաքացիների Հայաստան այցելության հիմնական նպատակն է զբոսաշրջությունը և ներդրումները:
Որոշման ընդունումը թույլ կտա Հայաստանի և ՉԺՀ Հոնգկոնգ ՀՎՇ անձնագիր կրող քաղաքացիներին մուտք գործել միմյանց տարածքներ և մնալ այնտեղ ներքին օրենսդրությամբ սահմանված ժամկետներում՝ առանց մուտքի վիզա ձեռք բերելու: