ՄԻԵԴ-ը Վրաստանի պահանջով դատական գործ է ընդունել Ռուսաստանի դեմ
Մարդու իրավունքների եվրոպական դատարանն ընդունել է Վրաստանի «Խոշտանգումների վերականգնման «Էմպատրիա» կենտրոնի հայցը Ռուսաստանի դեմ՝ Ցխինվալիում Վրաստանի քաղաքացի Արչիլ Թաթունաշվիլիի խոշտանգումների և սպանության գործով: Այդ մասին հայտարարել է Կենտրոնի տնօրեն Մարիամ Ճիշքարիանին:
«Էմպատրիա» կենտրոնը «Արչիլ Թաթունաշվիլին ընդդեմ ՌԴ-ի» հայցը Ստրասբուրգի դատարան էր ներկայացրել 2018թ․ սեպտեմբերի 22-ին: Հայցին կցել էին Վրաստանում ձևավորված հանձնաժողովի կողմից իրականացված 87 էջանոց հետազոտության եզրակացությունը: Ըստ այդմ՝ Թաթունաշվիլին մահացել էր Ցխինվալիի բանտում՝ խոշտանգումների հետևանքով: Որպես ապացույց՝ երիտասարդի մարմնի վրա խոշտանգումների բազմաթիվ հետքերն էին:
Պաշտոնական Ցխինվալին Կարմիր խաչի կողմից Վրաստանին էր ներկայացրել Արչիլ Թաթունաշվիլիի մահվան պատճառը՝ սրտի անբավարարություն: Հարավօսական կողմի նախնական վարկածը հաստատել էին նաև ռուս փորձագետները:
Պաշտոնական Ցխինվալիի հայտարարությամբ՝ վրացի երիտասարդը մահացել էր 2018թ․ փետրվարի 23-ին: Դիակի փոխանցումը վրացական կողմին ձգձգվել էր շուրջ մեկ ամիս, ինչը մահվան հանգամանքների տարբեր վարկածների պատճառ էր դարձել: Երիտասարդի դիակը մայիսի 20-ին ստանալուց հետո Վրաստանը սեփական հետաքննությունն էր իրականացրել: