Փաստորեն, առնվազն անցած 4 տարիների ընթացքում ընդդիմությունը որևէ էական գործ չի արել
«էքզիթ-փոլի» արդյունքներից դատելով(որոշ ընտրատեղամասերից ստացվող նախնական արդյունքները ևս հավաստում են)՝ «ամենազոր» Հանրապետականը կրկին հաղթում է:
Ամբողջ օրվա ընթացքում հատկապես ընդդիմադիր քաղաքական ուժերի, անգամ տարաբնույթ դիտորդկան առաքելությունների՝ ընտրախախտումների վերաբերյալ հաղորդումները որևէ էական հիմք չեն պարունակում՝ լեգիտիմ կերպով ընտրությունների արդյունքները բողոքարկելու, առավել ևս՝ ինչ-որ առարկայական բան փոխելու. ասել է թե՝ գործընթացային առումով այս ընտրությունները որևէ էական կերպով դեռևս չեն տարբերվում նախորդներից:
Փաստորեն, իշխող կուսակցության քաջ հայտնի, ավելին՝ «ռեյտինգային ընտարակարգի» շնորհիվ նաև բավական կատարելագործված մարտավարությունը հերթական անգամ գործում է անխափան, փաստորեն, առնվազն անցած 4 տարիների ընթացքում ընդդիմությունը որևէ էական գործ չի արել՝ սեփական «մրցունակ» մարտավարությունը մշակելու, մանավանդ, որ, բազմաթիվ օբյեկտիվ և սուբյեկտիվ հանգամանքներից ելնելով, դրա համար առկա էր բավականին բարենպաստ միջավայր:
Մեջբերեմ առնվազն անցյալ 2 ընտրություններից հետո հնչեցրածս միևնույն միտքը՝ ընդդիմությունը հսկայական գործ ունի անելու հենց վաղվանից, լավ մեկ ամիս, 3 ամիս հանգստից հետո...
Ախր այդ գործն էլ այնքա՜ն պարզ է ու բավական հաջողված փորձն էլ կա՝ նախընտրական քարոզարշավի ողջ ընթացքում՝ ամենօրյա աշխատանք ընտրողի հետ բոլոր հնարավոր հարթակներում՝ սոցիալական ցանցերից, մինչև գյուղամեջ ու բեսեդկա...
5 տարին քիչ ժամանակ չի, ու հարցին հետևողական մոտեցում ցուցաբերելու դեպքում, համոզված եմ՝ արդյունքը երաշխավորված կլինի...Մնում է՝ գործ անեն:
Արմեն Պետրոսյան. Ֆեյսբուք