Հայաստանում վերածնվում է հրեշավոր մի ուժ, որն Ադրբեջանի և պանթուրքիզմի գաղափարախոսությանն է ծառայում
Տեր-Պետրոսյանի հետ կապված վերջին օրերին անընդհատ հանդիպում են մեկնաբանություններ, մեմեր և անգամ ծաղրանկարներ, որոնք նրան կապում են հրեաների, սիոնիզմի կամ Իսրայելի հետ:
Ամոթալի հիմարությունները դադարեցնելու և մութ միջնադարից դուրս գալու ժամանակն է:
Ամոթ է Տեր-Պետրոսյանի հետևում հրեական ստվեր տեսնելը: Իրականում հրեաները կամ Իսրայելը խորապես անտարբեր են Հայաստանի և հայերի հանդեպ: Նրանք իրենց փոքրիկ, բայց արժանապատիվ, հզոր և ամենակարևորը՝ ազգային պետությունն են կառուցել և հայերը նրանց համար ոչ միայն խնդիր չեն, այլև մեծապես անհետաքրքիր են:
Խորհրդային հատուկ ծառայությունների կողմից ներդրված կոնսպիրատիվ տեսություններն են, որ շարունակում են կենդանի մնալ Հայաստանի մի շարք մութ և տգետ ուղեղներում: Եվ դա ոչ միայն ցավալի է, այլև՝ խիստ վտանգավոր:
Փոխանակ Մեռյալ ծովի մերձակայքում դավադիրների փնտրելու՝ Տեր-Պետրոսյանի գաղափարական ստվերը պետք է փնտրել Կասպիցի կամ Մարմարայի ափերին, որտեղից, կամա թե ակամա սնվում է Հայաստանի նախկին նախագահը և որոնց շահերին նա կամա թե ակամա ծառայում է անմնացորդ:
Մեղադրելով անմեղներին՝ շեղվում է ուշադրությունն ամենակարևոր խնդրից: Եվ դա այն է, որ Հայաստանում վերածնվում է հրեշավոր մի ուժ, որ ոչ թե մի երրորդ կողմի՝ այլ ուղղակի թշնամական ուժի՝ Ադրբեջանի և պանթուրքիզմի գաղափարախոսությանն է ծառայում և հանդիսանում է թյուրքական տարրի հինգերորդ շարասյունը Հայաստանի ներսում: Եվ այդ ուժն է, որ նպաստելու է պաշարված բերդ Հայաստանի՝ թշնամու առջև ներսից դարպասների բացմանը:
Հայկ Մարտիրոսյան. Ֆեյսբուք