Թրամփը «թարս բուսնեց» Պուտինի համար
Շատերը մտածում էին, որ ԱՄՆ-ում հանրապետական Դոնալդ Թարմփի հաղթանակից հետո ռուս-ամերիկյան հարաբերություններում տեղի կունենա դրական կտրուկ տեղաշարժ: Այդպես էին մտածում նաև Մոսկվայում: Օբամայի վարչակարգի վերջին հակառուսական խոշոր ձեռնարկին, երբ ԱՄՆ-ից արտաքսվեցին մոտ 90 ռուսաստանցի դիվանագետներ և նրանց ընտանիքի անդամները, որոնց Վաշինգտոնը մեղադրում էր ոչ դիվանագիտական գործունեությամբ զբաղվելու մեջ, Պուտինը այդ հակառուսական դեմարշին չպատասխանեց, հույs ունենալով, որ ԱՄՆ ապագա ղեկավարությունը կվերանայի Օբամայի այս որոշումը և քայլեր կձեռնարկի լիցքաթափելու ռուս-ամերիկյան հարաբերությունները:
Ես ինքս երբեք էլ կողմնակիցը չեմ եղել այն տեսակետի, որ Թրամփը կտրուկ կփոխի Վաշինգտոնի վերաբերմունքը ՌԴ-ի նկատմամբ:
Այս երկու ամիսների ընթացքում ԱՄՆ նախագահը ոչ միայն ոչ մի դրական քայլեր չկատարեց Մոսկվայի հետ հարաբերությունները կարգավորելու համար, այլև հակառակը: Մարտի 25-ին ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է մտցրել ռուսաստանյան մի քանի հայտնի կազմակերպությունների նկատմամբ, որոնց մեղադրել է Հյուսիսային Կորեային, Իրանին և Սիրիային բարձրակարգ ռազմական տեխնոլոգիաներ տրամադրելու և զենք վաճառելու մեջ:
«Պատժվածների» մեջ է աշխարհահռչակ «Ռոսօբորոնէքսպորտը», որի անցյալ տարվա շրջանառությունը կազմել է 17,3 միլիարդ ռուբլի, իսկ մաքուր եկամուտը՝ 5,85 միլիարդ ռուբլի: Պատժամիջոցների տակ են ընկել նաև «Oդանավերի վերանորոգման 150-րդ գործարանը», «Ավիաէքսպորտ» կազմակերպությունը, «Բազալտ» գիտաարտադրական միավորումը, որի տարեկան շրջանառությունը 7,5 միլիարդ ռուբլի է, «Մեքենաշինական կոնստրուկտորային բյուրո» գիտաարտադրական կորպորացիան, Գլխավոր մարշալ Բուգաևի անվան Ուլյանովսկի Քաղաքացիական ավիացիայի ինստիտուտը, Ուրալի Քաղաքացիական ավիացիայի ուսումնական կենտրոնը, Պրոֆեսորներ Ժուկովսկու և Գագարինի անվան ռազմաօդային ակադեմիան:
Թրամփի վարչակարգի այս որոշումը բավական ցավոտ հարված է Պուտինին, քանի որ նավթի և գազի վաճառքից բացի միայն զենքի և զինամթերքի վաճառքն է բավական մեծ եկամուտ բերում ՌԴ-ին: Ու հիմա ԱՄՆ իշխանությունները պատժամիջոցներ են կիրառում ռուսաստանյան ռազմաարդյունաբերական համալիրի ամենահայտնի ներկայացուցիչների դեմ:
Ինչպես կարելի է կռահել՝ Թրամփը «թարս բուսնեց» Պուտինի համար:
Հետաքրքիր է, թե հիմա Պուտինը ինչպե՞ս կարձագանքի ԱՄՆ նոր վարչակարգի հակառուսաստանյան այս որոշմանը, թե դեռ պատրանքներ ունի ԱՄՆ նոր ղեկավարության պահով:
Գագիկ Համբարյան. Ֆեյսբուք: