Հայ-բելառուսական «ռադիոակտիվ բարեկամությունը»
Երկու օր է բելառուսական և ադրբեջանական ԶԼՄ-ները հատուկ ուշադրություն են դարձնում մարտի 19-ին Գոմելի օդանավակայանում «ձերբակալված» հայկական «ռադիոակտիվ» օդանավին և այդ կապակցությամբ Բելառուսի բռնապետի հատուկ հայտարարությանը:
Բացարձակ մտադրություն չունեմ անդրադառնալու այդ դեպքին և դրա հանցավոր լինելուն, եթե իհարկե դա նախապես պայմանավորված թռիչք-գործարք չի եղել:
Ինձ այլ հարց է հետաքրքրում: Մի՞թե մեր գործարարները, մեղմ ասած, այդքան միամիտ էին, որ բլոգեր Լապշինի դեպքից հետո հույս ունեին որևէ բնագավառում համագործակցել Իլհամ Ալիևի ամենամոտ ընկերոջ Լուկաշենկո կոչվածի հետ:
Այդքա՞ն պրիմիտիվ լինել և այդ պրիմիտիվության պատճառով հարվածել սեփական հայրենիքին: Այսպիսի բան կարող էր անել տարրական անգրագետ և տրամաբանությունից զուրկ անձը:
Մեր իշխանությունները գերադասում են փակագծերը չբացել: Սակայն բելառուսա-ադրբեջանական տանդեմը այս ամենն ուղղում է Հայաստանի դեմ:
Հուսով եմ ՀՀ իշխանությունները վերջնականապես համոզվեցին, որ Բելառուսը Հայաստանին բարեկամ երկիր չէ, եթե չասեմ ավելին: Լապշինին Ադրբեջանին հանձնելուց հետո ՀՀ իշխանություններն ամեն ինչ արեցին որ հանկարծ չվիրավորեն Եվրոպայի վերջին բռնապետ Բատկային:
Սակայն Ալիևի կողմից գնված Լուկաշենկոն ևս մեկ անգամ ՀՀ իշխանություններից ցույց տվեց, թե ում դաշտում է խաղում և ինչ պետք է պաշտոնական Երևանը ապագայում ակնկալի Մինսկից:
Գագիկ Համբարյան. Ֆեյսբուք