Որքանո՞վ է էֆեկտիվ «առուն չթռած՝ հոպ ասելու» տեխնոլոգիան
Նախընտրական շրջանը բնականաբար հարուստ է քաղաքական տեխնոլոգիաների կիրառմամբ: Վերջին շրջանում քաղաքական դաշտում նկատվեց «առուն չթռած՝ հոպա ասելու» մի դրսևորում. խոսքը հետընտրական կոալիցիա ստեղծելու մասին «ՕՐՕ» դաշինքի՝ մրցակից քաղաքական ուժերին ուղղված հայտարարություն-առաջարկն էր:
Այս հայտարարությունը թերևս տարակուսելու տեղիք է տալիս, քանի որ նախընտրական քարոզարշավի կեսին, երբ դեռ հայտնի չէ, թե որ կուսակցություններն են անցնում ԱԺ, դաշիքներից մեկը հետընտրական փուլում խորհրդարանական համագործակցության առաջարկ է անում:
Եվ տրամաբանական էր այն, որ քաղաքական ուժերը խուսափողական ու շրջանցող պատասխան տվեցին այդ առաջարկին: «ՕՐՕ» դաշինքի նպատակն ամենայն հավանականությամբ՝ իր շուրջ խոսակցություններ տարածելն ու ինտրիգային իրավիճակ ստեղծելն էր, որը լրատվական դաշտում որոշ չափով, կարելի է ասել ստացվեց, բայց թե իչպիսի ազդեցություն այն ունեցավ ընտրողների վրա, դա արդեն դժվար է ասել:
Մեր մոտեցումն է գալիս հաստատելու նաև վերոնշյալ հայտարարության՝ գործնականում հնարավոր լինելու վերաբերյալ Վարդան Օսկանյանի այն մեկնաբանությունը, թե՝ «Դա ընդամենը կոչ է, ցույց տալու, որ կարելի է կոալիցիա կազմել, ու իշխանությանը դուրս մղել»:
Նմանատիպի մի քայլ էլ «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը ձեռնարկեց՝ հայտարարելով ընտրություններն ապրիլի 2-ից ապրիլի 9-ին տեղափոխելու նպատակահարմարության մասին: Բայց ընդհանուր առմամբ, այս հայտարարությունը ևս ադեկվատ արձագանք չգտավ ոչ քաղաքական ուժերի ոչ էլ հասարակական շերտերի մոտ, անկախ այն բանից, որ հիմնավորումը տրամաբանական էր:
Որոշ արձագանքողներ էլ «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքին մեղադրեցին իր շուրջ գործընթաց ծավալելու մտադրության մեջ:
Քաղաքական ողջ դաշտը արդեն անկասելիորեն ընթանում է դեպի ապրիլի 2-ի ընտրություններ ու, թերևս ակնհայտ է, որ նման առաջարկը հազիվ թե որևէ ռեալ արձագանք գտներ:
Նախընտրական գործընթացների վերաբերյալ դրվագներում ամենակարևոր հարցն այն է, թե ընդդիմադիր քաղաքական ուժերի կողմից կիրառվող այդ տեխնոլոգիաները որքանով են իրականում ազդեցիկ ու էֆեկտիվ իրենց վարկանիշը բարձրացնելու և քվե ապահովելու առումով: Սա է, որ մտորելու տեղիք է տալիս:
Դավիթ Պետրոսյան, Ֆեյսբուք