Զարգացման պոտենցիալ Գեղարքունիքում
Ցանկացած երկրի տնտեսության հիմքերից մեկը համաչափ զարգացվածության ապահովումն է պետության ողջ տարածքում: Այս է պատճառը, որ ներկայումս շատ մեծ դեր է հատկացվում մարզերում գործող և նոր հիմնադրվող տնտեսություններին:
Այս առումով ուրախացնող են Գեղարքունիքի մարզում առկա մի քանի տնտեսություններ, որոնք բավականին երկար ժամանակ է գործում են և հասցրել են անգամ դուրս գալ միջազգային շուկա: Նման տնտեսություններից է Ակունքի «Էկոկաթ» պանրի գործարանը, որտեղ 2005 թվականից արտադրվում է պանրի լայն տեսականի, որի հիմնական մասն իրացվում է տեղական շուկայում, իսկ արտադրանքի 25 տոկոսն արտահանվում է Ռուսաստան: Գործարանն ունի 40 աշխատող, հագեցված է ժամանակակից սարքավորումներով և դրա ընդլայնման ներդրումային ծրագիրը գտնվում է կառավարությունում՝ քննարկման փուլում:
Այս մարզում է գործում նաև «Աքվատիկ» ՍՊԸ-ն, որը միակ ձեռնարկությունն է ՀՀ-ում, որն ունի թույլտվություն վերամշակված խեցգետին ԵՄ երկրներ արտահանելու համար: 1996թ-ին ստեղծված ընկերությունը խեցգետինն արտահանում է Եվրասիական տնտեսական միության և եվրոպական երկրներ: Գործարանը կառուցվել է եվրոպական չափանիշներին համապատասխան և աշխատում է HACCP ծրագրով, որը ներդրվել է ձեռնարկությունում 2007 թվականին:
Ծովագյուղ համայնքում էլ գործում է հնդկացորենի մշակման նորակառույց գործարան: Նշենք նաև, որ մարզում նախորդ տարվա ընթացքում մշակվել է 100 հեկտար հնդկացորեն, իսկ արդեն 2017 թվականին ցանքատարածքները կընդլայնվեն՝ հասնելով 400 հեկտարի: Գործարանի գործունեությունը խրախուսելու և ընդլայներլու համար նախատեսվում է, համագործակցելով ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ, առաջիկա տարիներին էապես ավելացնել ցանքատարածքներն ու արտադրանքի ծավալները:
Սեդա Ադամյան.ֆեյսբուք: