ՀՀ-ԱՄԷ համագործակցությունը խորացման միտում ունի
Հայաստանի և Ծոցի տարածաշրջանի երկրների հետ հարաբերություններն ու բազմակողմ համագործակցության դինամիկան տարեցտարի արձանագրում է նոր առաջընթաց: Մինչ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը այդ երկրների հետ որոշակի առևտրատնտեսական կապեր էին սկսել զարգանալ մասնավորապես Արաբական Միացյալ Էմիրությունների միջոցով, որը հանդիսացել է կապող օղակ այդ տարածաշրջանի այլ երկրների հետ:
Տարեցտարի ավելանում է ԱՄԷ-ից ինչպես զբոսաշրջային, այնպես էլ գործնական նպատակներով Հայաստան ժամանողների թվաքանակը: Ներկայումս դեպի Երևան չվերթներ են իրականացնում ԱՄԷ «FlyDubai», «Air Arabia», իսկ Կատարից՝ «Qatar Airways» ավիաընկերությունները, հետաքրքրություն կա ավելացնելու ինչպես չվերթների քանակը, այնպես էլ նոր թռիչքներ սկսել այդ տարածաշրջանի այլ ավիաընկերությունների կողմից:
Նկատենք, որ ՀՀ այցելող Ծոցի տարածաշրջանի երկրների քաղաքացիների գերակշռող մասը կազմում են հենց ԱՄԷ քաղաքացիներ, ովքեր արդեն իսկ նկատելի հետաքրքրություն են ցուցաբերում զբոսաշրջության, անշարժ գույքի, գյուղատնտեսության, առողջապահության ոլորտներում ներդրումներ կատարելու ուղղությամբ:
Հաշվի առնելով ԱՄԷ քաղաքացիների հետաքրքրությունները Հայաստանի նկատմամբ և ԱՄԷ-ի հետ տնտեսական համագործակցության խորացման նպատակահարմարությունը՝ գործադիրը որոշում է ընդունել միակողմանիորեն վերացնել ԱՄԷ քաղաքացիների համար ՀՀ մուտքի արտոնագրի պահանջը, որը լրացուցիչ խթան կհանդիսանա առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության հետագա խթանման համար:
Էկոնոմիկան թվերով. Ֆեյսբուք