Ընտրություններին կաշառքի դիմաց այս կամ այն կուսակցության օգտին քվեարկելն անտրամաբանական է
«Միջավա՞յրն է մեզ ձևավորում, թե՞ մենք՝ միջավայրը» կամ «Միտքը չունի գաղտնիք, որ վարքը երևան չբերի» (Գյոթե):
Ցանկացած զարգացած հասարակության, պետության քաղաքական համակարգի գոյության կամ նրա փոփոխության պարտադիր էլեմենտներից է հանրային աջակցությունը համակարգի այս կամ այն կոմպոնենտին։ Աջակցությունը յուրօրինակ էներգիա է, որի դրսևորման երկու տարբերակ գոյություն ունի․
1․ գործողություն, որն ուղղված է համակարգի այս կամ այն տարրի նպատակների, շահերի բավարարմանը (օր․՝ մասնակցություն ընտրություններին):
2․ կողմնորոշում, վերաբերմունք համակարգի նկատմամբ, որը թեև արարք չէ, բայց պատրաստակամություն է, որը և կարող է վերածվել որևէ ուժի օգտին գործողության (օր․՝ հավատարմություն որևէ կուսակցության գաղափարական կրեդոյին)։
Պետականության կայացվածության ցածր աստիճանում համակարգին հանրային աջակցության դրսևորումները այլ տրամաբանություն ունեն։ Հեղափոխությունը նման պայմաններում աջակցության ձև է, որը արտահայտվում է թե՛ կողմնորոշումներում, թե՛ գործողություններում։
Որպես հասարակության քաղաքական հասունության վկայություն՝ պետք է առանձնացնել իրարամերժ շահերի կարգավորման, պահանջների բավարարման պրոցեսում կոլեկտիվ ինքնության պահպանման անհրաժեշտությունը, վարքագծի հաստատված կանոններին հավատարմությունը։ Այս պայմաններում սահմանադրական իրավունքների կարևորումը և ընտրական պրոցեսներին մասնակցության միջոցով իրադրության փոփոխությունը դառնում են հնարավոր և առարկայական։
«Ազատ, արդար և թափանցիկ» ընտրություններ կազմակերպելը և իրականացնելը թե՛ հասարակության և թե՛ իշխանության պարտականությունն է, որի գիտակցումը կարևոր է բոլորի համար։
Հասարակությունը և իշխանությունը փոխազդող երևույթներ են, իսկ ընտրական իրավունքը ազդեցության օրինական, իրավական մեխանիզմ է։
Ընտրություններին կաշառքի դիմաց այս կամ այն կուսակցության օգտին քվեարկելն անտրամաբանական է:
Էրիկ Հովսեփյան. ֆեյսբուք: