Վրաստանը կարևոր նշանակություն ունի Հարավային Կովկասում
Հարավային Կովկասում կայունության պահպանման համատեքստում էապես կարևորվում է Վրաստանի դերակատարությունը։ Տարածաշրջանում Վրաստանը միակ երկիրն է, որը հարավկովկասյան երեք հանրապետությունների հաշվարկով բարիդրացիական հարաբերություններ է պահպանում թե՛ Հայաստանի, և թե՛ Ադրբեջանի հետ։ Այստեղ իհարկե խոսքը չի գնում Ռուսաստանի, Թուրքիայի կամ Իրանի հետ հարաբերությունների մասին։
Այս տեսանկյունից, Վրաստանը կարևոր նշանակություն ունի Հարավային Կովկասում քաղաքական-պաշտպանական կայունության պահպանման տեսանկյունից։ Մասամբ Վրաստանից է կախված տարածաշրջանում իրականացվող տնտեսական տարբեր նախագծերի զարգացման արդյունքում Հարավային Կովկասում տնտեսական-քաղաքական հավասարակշռության պահպանման դինամիկան։
Երբ Վրաստանը խախտում է այդ հավասարակշռությունը և առավելապես ներգրավվում թուրք-ադրբեջանական տանդեմի հետ համատեղ իրականացվող տնտեսական ու քաղաքական նախագծերին, խախտվում է տարածաշրջանում ուժերի հարաբերակցությունն առհասարակ։ Նշենք նաև, որ Սահակաշվիլու իշխանությունից հետո Վրաստանի քաղաքական վերնախավում որոշակիորեն վերանայվել են տարածաշրջանային քաղաքականության վարման նախկին վրաստանյան մոտեցումները, ինչի արդյունքում երկրի արտաքին քաղաքականությունը տարածաշրջանում դարձել է առավել կառուցողական և պրագմատիկ, ոչ կոնֆլիկտային։
Այս առումով, Հայաստանն իսկապես կարող է խորացնել քաղաքական ու տնտեսական համագործակցությունը Վրաստանի հետ, ինչի համար կան որոշակի քաղաքական նախադրյալներ։ Վրացական կողմն իր հերթին ներկայում բավական բաց է Հայաստանի հետ կապերի ամրապնդման հարցում։ Հայ-վրացական հարաբերությունների զարգացմանը նպաստում են նաև Վրաստանի հասարակության տարբեր շրջանակներում երկրում թուրքական ազդեցության տարածման ընդդիմախոսների շարքերի ընդլայնման միտումները, որի արտացոլումն էր Վրաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքում հակաթուրքական կողմնորոշումներ ունեցող «Վրաստանի հայրենասերների դաշինքի» ներկայացվածության ապահովումը խորհրդարանում։
Կարեն Վերանյան. ֆեյսբուք: