Գոնե սրբավայրերի, թանգարանների տարածքների հանդեպ պետք է հարգանք ունենալ
Հրազդանի կիրճի «Հաղթանակ»-ի կամրջից վերև ընկնող հատվածը՝ Ս. Սարգիս եկեղեցու և Փարաջանովի թանգարանի դիմաց, կորած է աղբի, աղտեղության, պոլիէթիլենային տոպրակների, պլաստիկե շշերի կույտերի մեջ:
Շուտով կսկսի զբոսաշրջության սեզոնը, Նովրուզի տոնի կապակցությամբ մայրաքաղաք կգան բազմաքանակ պարսիկներ, առաջիկայում ընտրությունների հետ կապված սպասվում է նաև մեծաթիվ դիտորդների այցելություն տարբեր երկրներից:
Իսկ այդ «հիասքանչ ու աննման» տեսարանը շատ լավ դիտվում է օդանավակայանից մայրաքաղաք մտնող Իսակովի պողոտայից:
Մեր քաղաքացիները՝ հնագույն մշակույթը ներկայացնող ազգի «արժանավոր» զավակները, նաև շրջապատի շենքերի բնակիչները պետք է ի վերջո հոգատար և սրտացավ լինեն մեր քաղաքամայր Երևանի հանդեպ: Գոնե սրբավայրերի, թանգարանների, այլ տեսարժան վայրերի նկատմամբ:
Ինձ թվում է համապատասխան ծառայությունները պետք է արագ մի բան մտածեն:
Այդ հատվածը նաև շատ գեղեցիկ հանգստի գոտի կարելի է դարձնել, ընդ որում նվազագույն միջոցներով՝ ծառուղիները վերականգնել, վերանորոգել, լուսավորել, նստարաններ, աղբամաններ տեղադրել: Վստահ եմ այն կդառնա երևանցիների սիրած անկյուններից մեկը:
Ռոբերտ Մելքոնյան. ֆեյսբուք: