Նախկինում չի եղել մի ընտրություն, որի ժամանակ այսպես բացահայտ երևա մեր իրականությունը
Ես չեմ հիշում նախկինում մի ընտրություն, որի ժամանակ այսպես բացահայտ երևում է մեր իրականությունը:
- Ժողովրդի մեծ մասը անտարբեր է այս գործընթացի նկատմամբ: Մարդիկ չեն հավատում, որ ընտրություններում դրական արդյունքի կհասնեն: Նաև մեծամասնությունը չի հավատում դրան մասնակցողների ազնվությանը ու հռչակած նպատակների իրականացմանը: Երկրորդը իմ կարծիքով ավելի կարևոր է:
- Մի մեծ հատված բացահայտ ասում է, որ ընտրելու է նրան ով փող կտա: Առաջին հատվածից՝ անտարբերներից շատերն էլ ասում են, որ տանից դուրս կգան ու կգնան ընտրատեղամաս, միայն եթե փող ստանան դրա համար:
- Շատերը ասում են վիճակը շատ վատ է, բայց ընտրելու են ՀՀԿ-ին: Միևնույն ժամանակ իհարկե նրանք լավ գիտեն, թե ով է իշխանության: Ամեն մեկը թող իր համար գտնի սրա բացատրությունը. ինձ համար այն պարզ է:
- Ըստ տրամաբանության օրինակ «Ծառուկյան դաշինքը» և «Հայկական վերածնունդը» պետք է, որ պայքարեին շեմը հաղթահարելու համար: Առաջինը իրականում բավականին մեծ տոկոս ունի ընտրողների, իսկ երկրորդը խնդիր չունի շեմը հաղթահարելու ու բավականին նորմալ տոկոս կստանա: Փողոցում պարզապես մարդկանց լսելուց էլ շատ եմ հանդիպում առաջիններին ընտրողներին: Այս մի անհասկանալի երևույթի բացատրությունն էլ նախորդի նման թող ամեն մեկը իր համար գտնի: Երկու դեպքում էլ իմ բացատրությունը նույնն է:
- Ծփացող հրապարակներով հանրահավաք անողների երբեմնի վարկանիշի փշրանքներն են մնացել: Որքան էլ ասեն, թե ժողովրդի ուշքը գնում է իրենց համար, բոլորին էլ պարզ է, որ գոյության հարց են լուծում:
Այս ամենում բնականաբար իշխանությունը իր դերն է ունեցել: Բայց ինձ համար սրանում ընդդիմություն կոչվածի դերը ավելի մեծ է: Խոսքը մնացած ընդդիմության մասին է՝ ռոբականների հետ «ընդդիմադիր» հռչակվածներին անդրադառնալը նույնիսկ ավելորդ է, դրանք այլևս անկարևոր քաղաքական դիակներ են: Պարադոքսը նրանում է, որ այս տարիներին իշխանությունը շատ ավելի վատ արդյունքներ է գրանցել, բայց արդյունքում ընդդիմությունը վարկանիշ չունի ժողովրդի մոտ: Ավելի ցավալի է այն, որ առայժմ ոչ մեկ սրանից հետևություն անել չի ուզում:
Ոչ մեկ չի ցանկանում իրականությանը բաց աչքերով նայել, խոստովանել սեփական սխալները, անհաջողությունները ու ըստ դրա ռեալ հաշվարկերով առաջ շարժվել: Ամեն մեկի էշը կապրոնից է, օրական 20 լիտր կաթ է տալիս, այն էլ ինչպիսի՜ համեղ կաթ:
Դավիթ Գևորգյան. Ֆեյսբուք