«Մականուն» բառը՝ ադրբեջաներենում
«Մականուն» բառի համար ադրբեջաներենում գործածվում է արաբերեն «ləqəb» բառը, չնայած դրան այս լեզվի որոշ բարբառներում, մասնավորապես Նախիջևանում, Օրդուբադում, Շահբուզում և Շարուրում արձանագրված է «ayama» բառը, որն ինձ հանդիպեց ադրբեջանական գրականության հայտնի ներկայացուցիչ Ջալիլ Մամմադգուլուզադեի (1866-1932թթ.) «Դանաբաշ գյուղի պատմությունները» պատմվածքում:
Այս բառի քննության համար պատմվածքը հետաքրքիր է այնքանով, որ այնտեղ հստակ նշվում է, որ «մականուն» հասկացության համար գյուղի բնակիչները «ayama»-ից բացի այլ բառ չեն իմացել, և միայն այն բանից հետո, երբ գյուղ եկած մոլլան չի հասկացել «ayama» բառը, գյուղացիները հրահանգ են ստացել դրա փոխարեն օգտագործել մինչ այդ իրենց անծանոթ «ləqəb» բառը:
Ենթադրում եմ, որ «ayama» բառը ստուգաբանորեն պետք է կապ ունենա «adıyaman» (բառ. «վատ անուն») ձևի հետ, որը նշանակում է «վատ անուն ունեցող»: Սրա հականիշային համարժեքը «adıgözə»l «լավ անուն ունեցող» բառն է:
Ինչքան ինձ հայտնի է, սրանք առավելապես աչքի են ընկնում հատկանվանական կիրառությամբ և հաճախ են հանդիպում որպես տեղանուններ և անձնանուններ, չնայած նախապես կարծես թե հանդես են եկել որպես տաբուներ` ցեղի, էթնիկ հանրույթի կամ անձի իսկական անունների կիրառություններից խուսափելու դեպքերում:
Հետաքրքիր կլիներ այս առնչությամբ լսել մասնագետների կարծիքները:
Արտյոմ Տոնոյան. Ֆեյսբուք