«Շրջանառության հարկի մասին» նոր օրենքով պետությունն իր բոլոր ձեռքբերումները ջուրը գցեց. Եղիշե Սողոմոնյան
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՓՄՁ-ների համար նախատեսված շրջանառության հարկին անդրադարձավ նաև տնտեսական գիտությունների թեկնածու Եղիշե Սողոմոնյանը: Վերջինս առանձնացրեց դաշտում առկա մի քանի խնդիր:
«Մեզանում չկան ՓՄՁ-ների համար պետական աջակցության ծրագրեր, համապատասխան վարկավորում, ինչպես նաև ուսուցման ծրագրեր, որոնց շնորհիվ մարդիկ ավելի տեղակացված կլինեն միջազգային փորձին: Բացի այդ՝ մեզանում պետության կողմից կատարվող ծրագրերը կարճաժամկետ են: Օրինակ, բյուջեի համար նախատեսվում է մեկ տարվա ծրագիր, ինչը կարճ ժամանակահատված է այստեղ փոփոխություններ կատարելու համար»,-նշեց բանախոսը:
Վերջինս որպես խոչընդոտ անդրադարձավ նաև ներմուծման և արտահանման խնդիրներին՝ ընդգծելով այն փաստը, որ ներմուծումը գերազանցում է արտահանմանը և դրա ծավալը փոքրացնելու նպատակով պետք է հասկանալ, թե տեղական ինչ արտադրանքով կարելի է այն փոխարինել:
Բանախոսը նկատեց նաև, որ մեզանում փոքր, միջին և մեծ բիզնեսները շուկայական մրցակցային պայմաններում անհավասար դիրքերում են գտնվում, ուստի պետությունը պետք է ճիշտ ռազմավարություն մշակի և ձեռնամուխ լինի դրա իրագործմանը:
«Կարծում եմ, որ շրջանառության հարկն անիմաստ հարկ է: Կարելի է միայն շահութահարկ վճարել, որով բոլոր հարցերը լուծվում են: Այս նոր օրենքով պետությունն իր բոլոր ձեռքբերումները ջուրը գցեց»,-եզրափակեց բանախոսը:
Վարդուհի Ստեփանյան