Արսեն Բաբայանը «կարգուկանոն» է հաստատում
«Հրապարակ» թերթը գրում է. «Ազգային ժողովի լրատվական վարչության նորանշանակ պետ Արսեն Բաբայանը, ամենայն հավանականությամբ, սադոմազոխիզմով է տառապում' նա գնալով խորացնում է լրագրող-լրատվականի պետ հարաբերություններում լարվածությունը: Պատճառը մեկն է՝ նորանշանակ պաշտոնյայի ձգտումը ցուցադրելու. «Տեսեք ինչ լավ եմ աշխատում»:
Նա ԱԺ-ի պատերից մեկին փակցրել է Ազգային ժողովում լրագրողների հավատարմագրման կարգից մի կտոր. պատգամավորների ու ԱԺ աշխատակիցների պատիվն ու արժանապատվությունը հարգելը, ներս մտնելիս անցակետում հավատարմագիրը ցույց տալն ու այն ԱԺ տարածքում կրելը և այլն, որոնք լրագրողներից որևէ մեկը չի խախտում:
Սակայն պարոն Բաբայանը կարծում է, որ եթե լրագրողն իր հավատարմագիրը՝ «բեյջը», չի կախում պարանոցից, այլ կրում է, ասենք, գրպանում կամ պայուսակում, դա կանոնների խիստ խախտում է: Նա անգամ լուսանկարել է այդ «խայտառակ» փաստը և սպառնացել հաջորդ անգամ բեյջը կախած չտեսնելու դեպքում «կարգազանց» լրագրողներին զրկել հավատարմագրից: Միանգամից նշենք, որ կանոնակարգով չկա նման պարտադրանք:
Բաբայանը, սակայն, լրագրողների մեջ գործընկերոջ փոխարեն հակառակորդ ու ախոյան է տեսնում, և դա արտահայտվում է նաև ֆեյսբուքյան իր գրառումներում: Ընդ որում, այս պահվածքը հաճախ շրջվում է նրա անմիջական պետի՝ ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանի դեմ: Տարբեր իմաստունների խոսքեր մեջբերող պարոն Բաբայանին պատասխանենք իրեն հասկանալի լեզվով՝ մեջբերելով Լեոնարդո դա Վինչիի մտքերից մեկը. «Թշնամին, որը ձեր սխալներն է ցույց տալիս, առավել օգտակար է, քան բարեկամը, որ ցանկանում է թաքցնել դրանք»»:
Առավել մանրամասն՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: