Հայկական առաջին կամերային ու սիմֆոնիկ նվագախումբը (1861)
Գրիգոր Սինանյանը (1836-1914) Կ․ Պոլսում առաջին երաժշտական դպրոցի հիմնադիրն է, ուր կես դար շարունակ երաժշտական կրթություն են ստացել բազմաթիվ երաժիշտներ։ Նա առաջին հայկական կամերային՝ «Սինանյան նվագախմբի» ու սիմֆոնիկ նվագախմբի ստեղծողն է (1861 թ․)։ Ի դեպ, այդ նվագախմբերն առաջինն էին Օսմանյան կայսրությունում։
Նրա տաղանդավոր որդին՝ Հարություն Գրիգորի Սինանյանը (1872-1939), աշխարհահռչակ ջութակահար էր, դաշնակահար, երգեհոնահար, երգահան, խմբավար։ Հոր սկզբնավորած գործի եռանդուն շարունակողն էր՝ «Սինանյան նվագախմբի» հաջորդ ղեկավարն ու խմբավարը։ Նա Տիգրան Չուխաջյանի աշակերտն էր, նրա ստեղծագործական սկզբունքների շարունակողը։ Որպես ջութակահար հանդես է եկել ոչ միայն Կ․ Պոլսում, Զմյուռնիայում, այլև Եգիպտոսում, Անգլիայում ու Ֆրանսիայում։
Այս երաժշտական ընտանիքի նշանավոր ներկայացուցիչներից են նաեւ Վերոնիկա Գրիգորի Սինանյանը (դաշնակահար), Թագուհի Գրիգորի Սինանյանը (դաշնակահար), Անտոն Գրիգորի Սինանյանը (ջութակահար), Հովսեփ Գրիգորի Սինանյանը (թավջութակահար), Գևորգ Անտոնի Սինանյանը (ջութակահար)։
Գեւորգ Անտոնի Սինանյանը նախ սովորել է հոր՝ Անտոնի, ապա հորեղբոր՝ Հարությունի մոտ։ 1928 թ․ առաջին մրցանակով ավարտել է Փարիզի ազգային կոնսերվատորիան եւ մենահամերգով հանդես եկել Փարիզում՝ արժանանալով երաժշտական աշխարհի ջերմ ընդունելությանն ու բարձր գնահատականին։
Գոյություն է ունեցել Սինանյանների ընտանիքից բաղկացած կվարտետ։
Հայե՛ր, գիտե՞ք, որ, ֆեյսբուք: