Այս տարի կնշվի ավելի մեծ շուքով
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանի քաղաքական վերնախավն այս տարի մեկ օր առաջ է սկսելու տոնել Արցախի անկախության հռչակման 23-րդ տարեդարձը: Սեպտեմբերի 1-ին խորհրդարանական պատվիրակությունը ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի գլխավորությամբ կմեկնի Արցախ: Տոնական միջոցառումների շարքում այդ օրը տեղի կունենա Երկրաբանական թանգարանի բացումը:
Խորհրդարանի պատվիրակությունում ներկայացված կլինեն պատգամավորներ բոլոր խմբակցություններից. «Ժառանգությունից»՝ Զարուհի Փոստանջյանը, ՀՅԴ-ից՝ Աղվան Վարդանյանը, ԲՀԿ-ից՝ Տիգրան Ուրիխանյանը, ՀԱԿ-ից՝ Լյուդմիլա Սարգսյանը, ինչպես նաև արտաքին հարցերի հանձնաժողովի ղեկավար ՀՀԿ-ական Արտակ Զաքարյանը: Պատգամավորներն Արցախ կմեկնեն այս անգամ ոչ թե ուղղաթիռով, այլ մեքենաներով։ «Իսկ Գալուստ Սահակյա՞նը»։
«Բա երկիրն ո՞ւմ թողնենք»,- ասացին մեզ: Իսկ հաջորդ օրը՝ սեպտեմբերի 2-ին, Արցախ կմեկնի նաև Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը: Կառավարությունից ասացին, թե տեղյակ չեն իրենց մասնակցության մասին: Այնուամենայնիվ, կլինեն բազմաթիվ հյուրեր նաև դրսից, գեներալիտետը ՝ անխտիր: Մեր տեղեկություններով, նախատեսվում են նաև զինվորական շքերթ և ռազմատեխնիկայի ցուցադրություն»:
Առավել մանրամասն՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: