ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման երեկ հայտարարել է Ռուսաստանի նկատմամբ նոր' ոլորտային պատժամիջոցների սահմանման մասին
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման երեկ հայտարարել է Ռուսաստանի նկատմամբ նոր' ոլորտային պատժամիջոցների սահմանման մասին: Նա առանձնացրել է երեք հիմնական ոլորտները. «Էներգետիկա, զենք և ֆինանսներ: Մենք արգելափակում ենք որոշակի արտադրանքի արտահանումը, ընդարձակում ենք պատժամիջոցների ցանկում ընդգրկված բանկերի և ռազմաարդյունաբերական ընկերությունների թիվը, պաշտոնապես սառեցնում ենք դեպի Ռուսաստան արտահանումը խրախուսող վարկերն ու արգելափակում ռուսական տնտեսական զարգացմանն ուղղված ծրագրերի ֆինանսավորումը:
Այս ամենի հետևանքով մոտ հարյուր միլիարդ դոլար դուրս կգա երկրից, ինչից Ռուսաստանի՝ առանց այդ էլ թույլ տնտեսությունն է՛լ ավելի կթուլանա»,-հայտարարել է Օբաման' սպառնալով. «Ռուսաստանը կզգա պատժամիջոցների ցավը»:
Ի պատասխան' Ռուսաստանի ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ, որում ԱՄՆ պատժամիջոցները գնահատել է հակաօրինական և անիհիմն:
Արդեն իսկ հայտնի է, որ ի թիվս ԵՄ առաջատար երկրների, Ռուսաստանի դեմ սահմանվող պատժամիջոցներին միանալու պատրաստակամություն է հայտնել նաև Նորվեգիան, որը, չլինելով ԵՄ անդամ եւ ունենալով ՌԴ հետ բավականին սերտ ռազմական և տնտեսական համագործակցություն, արդեն իսկ հայտարարել է այդ բոլոր ծրագրերը դադարեցնելու մասին»:
Առավել մանրամասն՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: