Ուկրաինայի Գլխավոր դատախազությունը թույլ է տվել կալանավորել Պորոշենկոյին. լրատվամիջոցներ
Ուկրաինայի Գլխավոր դատախազությունը ստորագրել է հինգերորդ նախագահ Պյոտր Պորոշենկոյին կալանավորելու միջնորդություն, իսկ մայրաքաղաքի Պեչերյան դատարանը թույլատրել է Պորոշենկոյին կալանավորել՝ նրան դատարան տեղափոխելու և այնտեղ խափանման միջոցն ընտրելու համար։ Այս մասին հայտնում է pravda.com.ua-ն՝ սեփական աղբյուրին հղումով:
Աղբյուրը հիշեցնում է, որ Պորոշենկոն կասկածվում է «ահաբեկչության ֆինանսավորման», «պետական դավաճանության» և «ահաբեկչական կազմակերպության ստեղծման» համար:
Նա հարցաքննության է հրավիրվել դեկտեմբերի 23-ին։ Պորոշենկոն այս առնչությամբ ասել է, որ հունվարի առաջին կեսին կվերադառնա Ուկրաինա, իսկ հետո կխոսեն։
Անցած շաբաթ հայտնի է դարձել, որ Պորոշենկոն, որին Հետաքննությունների պետական բյուրոյի աշխատակիցները փորձել են ծանուցում հանձնել՝ Դոնբասի ինքնահռչակ հանրապետությունից ածխի մատակարարման գործով հարցաքննության կանչելու համար, լքել է Ուկրաինան: