Հրանտ Թոխատյանը Հայրենիքի պաշտպանի վերականգողական կենտրոնում բուժվող տղաներին հրավիրել է իր ներկայացմանը
Հայտնի դերասան Հրանտ Թոխատյանն ու «ԵրՄԻ» թիմի անդամ Արմեն Գրիգորյանն այցելել են Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն: Այս մասին facebook-ի իր էջում տեղեկացրել է ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը.
«Հրանտ Թոխատյանն ու Արմեն Գրիգորյանը ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանի և Կենտրոնի աշխատակից Դավիթ Պարյանի ուղեկցությամբ այցելեցին Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն:
Շուշան Դանիելյանն ու Դավիթ Պարյանը հյուրերին ներկայացրեցին կենտրոնի ստեղծման պատմությունը: Հյուրերին ներկայացվեցին կենտրոնի հնարավորություններն ու ծառայությունները, ինչպես նաևընդգծվեց, որ կենտրոնը, ինչպես և իրենք վիրավոր զինվորներն են ասում, զինվորի տուն է, այստեղ նրանք ոչ միայն բուժվում են, այլև ինտեգրվում տարատեսակ սոցիալական ծրագրերում, մասնակցում միջոցառումների: Աշխատանքներ են տարվում նաև տղաների՝ մասնագիտության ձեռք բերման, զբաղվածության ապահովման ուղղությամբ:
Հյուրերը շրջեցին սենյակներում, խոսեցին այստեղ վերականգնողական բուժում ստացող տղաների հետ: Նրանց ուշադրությանն արժանացան նաև այն վերջին սերնդի սարքավորումները, որոնց միջոցով մասնագետներն իրականացնում են զինվորների առողջության վերականգնման աշխատանքները:
Հանդիպման վերջում Հրանտ Թոխատյանը կենտրոնում բուժվող տղաներին հրավիրեց իր ներկայացմանը և նրանց մաղթեց արագ ապաքինում՝ նշելով, որ այս հաստատությունը չափազանց կարևոր է ոչ միայն մատուցվող ծառայություններով ու ժամանակակից սարքերով, այլև ջերմ միջավայրով, որտեղ բոլորը ծառայում են մեկ ընդհանուր նպատակի»,- տեղեկացրել է Շուշան Դանիելյանը: