Եթե պատասխան չունեք, մի՛ ասեք, որ չեք եղել նախարար․ Հայրապետյանը իր օրինակը պատմեց Ղարիբյանին
Ազգային ժողովի հանձնաժողովներից մեկում մշակույթի նախարարության կատարած աշխատանքի կատարողականը ներկայացնելիս նախարարի պաշտոնակատարն այսօր մի քանի անգամ հիշատակեց, որ եղել է ոլորտային փոխնախարար և չի տիրապետում մյուս ոլորտների մանրամասներին, թեև չի էլ խուսափում պատասխանատվությունից։
Հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը պատմեց իր օրինակը, երբ 2018 թվականին ստիպված էր ի պաշտոնե՝ որպես սփյուռքի նախարար, Ազգային ժողովում ներկայացնել 2017 թվականին նախարարության կատարած աշխատանքները, թեև այն ժամանակ նախարարի պաշտոնում էր Հրանուշ Հակոբյանը։
«Եվ համենայն դեպս hանրապետական գործընկերների կողմից հնչեցված ամենասուր քննադատություններին էլ պատասխանելիս 2017-ի հետ կապված երբեք չեմ ասել, որ ես չեմ եղել նախարարը … Սա խնդրանք է Ձեզ․ պատգամավորների հարցերին պատասխանելիս եթե չունեք տեղեկատվություն, ամեն դեպքում մի՛ ասեք, որ չեք եղել նախարար»,- ասաց Հայրապետյանը։
Ղարիբյանը ամեն դեպքում բացատրեց, որ բոլոր տվյալները հաշվետվություններով ունի ձեռքի տակ, բայց եթե կա հարց, որ վերաբերում է կոնկրետ թվերի, կարող է և չհիշել։