35 օր հացադուլի մեջ գտնվող կալանավորը համաձայնել է բուժօգնություն ստանալ․ ՄԻՊ
Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ Պաշտպանի ներկայացուցիչները հերթական անգամ երեկ այցելել են 35 օր հացադուլի մեջ գտնվող և քաղաքացիական հիվանդանոցում բժշկական հսկողության տակ գտնվող կալանավորված անձի:
Պաշտպանի ներկայացուցիչների հետ առանձնազրույցի ընթացքում կալանավորը նշել է, որ հրաժարվում է տրամադրվող բուժօգնությունից ու ցանկանում է դուրս գրվել հիվանդանոցից, քանի որ պահման պայմանները բավարար չեն։ Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները, այդ թվում՝ բժիշկը տեղում ուսումնասիրել են կալանավորված անձի վերաբերյալ բժշկական փաստաթղթերը և պահման պայմանները:
Բժշկական անձնակազմի հետ համագործակցությամբ՝ կալանավորված անձը տեղափոխվել է առանձին հիվանդասենյակ՝ պատշաճ պայմաններով։ Բացի այդ, քաղաքացիական հիվանդանոցում գտնվելու 7 օրերի ընթացքում բուժօգնությունից հրաժարված կալանավորված անձը Պաշտպանի ներկայացուցիչների հորդորից հետո համաձայնել է բուժօգնություն ստանալ։