Արարատ Միրզոյանի ուղերձը Վրաստանի խորհրդարանի նախագահին՝ երկրում պառլամենտարիզմի ձևավորման 100-ամյակի կապակցությամբ
Արարատ Միրզոյանը ուղերձ է հղել Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեին՝ երկրում պառլամենտարիզմի ձևավորման 100-ամյակի կապակցությամբ:
Ստորև ներկայացնենք ուղերձն ամբողջությամբ.
«Մեծարգո պարոն Իրակլի Կոբախիձե,
իմ և Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորների անունից սրտանց շնորհավորում եմ Վրաստանում առաջին օրենսդիր մարմնի` Հիմնադիր ժողովի ձևավորման մեկդարյա տարեդարձի առթիվ:
Հարյուր տարի առաջ մեր երկու երկրները գրեթե միաժամանակ հռչակեցին երկար սպասված անկախությունը և սկիզբ դրեցին պետականաշինության նոր տարեգրության:
Չունենալով խորհրդարանական ավանդույթներ` ժամանակի գործիչներին հաջողվեց կազմակերպել ու անցկացնել համապետական ժողովրդավարական և բազմակուսակցական ընտրություններ, սկիզբ դնել օրենսդրական բեղուն գործունեության: Հատկանշական է, որ թե´ Հայաստանի, թե´ Վրաստանի` անցյալ դարասկզբին ձևավորված խորհրդարանների կառուցվածքն ու ընդունած առաջին իսկ օրենքներն իրենց ժողովրդավարական բնույթով առաջանցիկ էին ժամանակի շատ երկրների օրենսդիր մարմինների գործունեությունից:
Մեծ է եղել խորհրդարանի դերակատարությունը երկրում ինչպես օրենսդրական դաշտի, այնպես էլ պետական համակարգի կայացման, միջխորհրդարանական կապերի հաստատման ու զարգացման, միջազգային հարթակներում համագործակցության ծավալման առումով: Ձևավորված ավանդույթները ժամանակի ընթացքում իրենց շարունակականությունն են ունեցել եւ հաջողությամբ կենսագործվում են նաև ներկայում:
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ Վրաստանում պառլամենտարիզմի ձևավորման 100-ամյակի կապակցությամբ, մաղթում արդյունավետ և արգասաբեր գործունեություն»,- ասված է ՀՀ ԱԺ նախագահի ուղերձում: