Ռուս զինծառայողին դանակահարելու գործով կալանավորվել է Շիրակի մարզի 29–ամյա մի քաղաքացի
Գյումրիում ռուս զինծառայողին դանակահարելու գործով կալանավորվել է Շիրակի մարզի 29–ամյա մի քաղաքացի։
«Ռուսաստանի Դաշնության 22-ամյա քաղաքացուն ծանր մարմնական վնասվածքներ պատճառելու համար մեղադրանք է առաջադրվել Շիրակի մարզի՝ 1990 թվականին ծնված բնակչին, ով կալանավորվել է»,– NEWS.am–ին ասաց գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ մարտի 8–ին վիճաբանություն-ծեծկռտուք և դանակահարություն է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 01։30-ի սահմաններում Գյումրիի բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի՝ «կրծքավանդակի աջ կեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը Ռուսաստանի Դաշնության քաղաքացի՝ 22-ամյա Ռաջան Կաժիմիրովն է, որը ծառայում է Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայում։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 112–րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու համար։