Մոլդովայում ամփոփվել են խորհրդարանական ընտրությունների արդյունքները
Մոլդովայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կիրակի ամփոփել է ընտրությունների արդյունքները, հաշվել է մանդատների քանակը խորհրդարան անցած բոլոր կուսակցությունների համար, ինչպես նաև որոշում է կայացրել տվյալները փոխանցել Սահմանադրական դատարան:
Ինչպես հաղորդում է РИА Новости-ն՝ վկայակոչելով ԿԸՀ-ի նախագահին, Մոլդովայի Սոցիալիստների կուսակցությունն ազգային մակարդակով 18 մանդատ է ստացել, ACUM քաղաքական դաշինքը՝ 14 մանդատ, Մոլդովայի Ժողովրդավարական կուսակցությունը՝ 13, Շոր կուսակցությունը՝ 5:
Միամանդատային համայնքային ընտրությունները սոցիալիստներին և դեմոկրատներին 17-ական մանդատ են բերել, ACUM դաշինքին՝ 12, Շոր կուսակցությանը՝ 2 մանդատ:
Այսպիսով, խորհրդարանի նոր կազմում կընդգրկվեն 35 սոցիալիստ, 30 դեմոկրատ, ACUM դաշինքի 26 անդամ, Շոր կուսակցության 7 անդամ և 3 անկախ պատգամավոր:
Տեղի օրենսդրության համաձայն՝ Սահմանադրական դատարանը 5 օրվա ընթացքում պետք է որոշում կայացնի խորհրդարանական ընտրությունների օրինական լինելու մասին և հաստատի նոր գումարման պատգամավորների մանդատները:
Երկրում խորհրդարանական ընտրություններն անցկացվել են փետրվարի 24-ին: