Եկե´ք այս օրը չդարձնենք շահարկումների առիթ. Պապիկյանը՝ այսօր կայանալիք երթի մասին
ԱԺ-ում լրագրողները տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանին հարց ուղղեցին այն մասին, որ մարզպետները կոչ են անում աշխատակիցներին այսօրվա երթին մասնակցել, արդյո՞ք սա վարչական լծակների կիրառում չի համարվում: Պապիկյանը ժխտեց՝ ասելով, որ տարիներ շարունակ բոլորն էլ մասնակցել են, ու կարիք չկա դրա համար հավելյալ ջանք գործադրել:
Հարցին, թե այդ պատճառո՞վ են աշխատակիցները վաղ ավարտում աշխատանքը, Պապիկյանն արձագանքեց.
«Եկե´ք այս օրը չդարձնենք շահարկումների առիթ, հարգանքով մոտենանք թե´ օրվան, թե´ օրվա կոչմանը: Այստեղ չի կարող լինել որևէ քաղաքական հարց, դրա հիմքում էլ դնել վարչական լծակների կիրառումը, նոնսենս է: Մենք գնալու ենք մեր պարտքը կատարելու, 18.30-ն այն ժամն է, որ կարող ենք գնալ ու մեր պարտքը կատարել, իսկ անցյալի համար ներողություն հայտնելն այն մասին է խոսում, որ մեր հանրությունը համերաշխության հանրություն պիտի լինի, որ այլևս Հայաստանում չեն լինելու նման դեպքեր, ճիշտ գնահատենք, այլևս չշարունակենք, թե ժամը քանիսին: Հավատացնում եմ, որ հնարավոր կլինի առանց աշխատանքային ժամերը և որևէ մեկի աշխատանքային իրավունքը վտանգելու մասնակցել, այո´, հրահանգ տրվել է, ընդհակառակը, որևէ մեկի կողմից չվտանգել որևէ մեկի աշխատանքային իրավունքը»: